Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է Նիլ Սայմոնը

08.27.2018


Կյանքի 92-րդ տարում, կիրակի, օգոստոսի 26-ին, մահացել է ամերիկացի հայտնի դրամատուրգ և սցենարիստ Նիլ Սայմոնը: Նա հոգին ավանդել է հիվանդանոցում: Այդ մասին «Associated Press» -ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Նիլ Սայմոնը աշխատանքային գործունեությունը սկսել է հեռուստատեսությունում՝ գրելով ժամանցային-զվարճալի հաղորդումների սցենարներ: Համագործակցել է համաշխարհային կինոյի ու բեմարվեստի այնպիսի հայտնի ստեղծագործողների հետ, ինչպիսիք են Վուդի Ալենը, Մել Բրուքսը:

Առաջին պիեսը, Նիլը Բրոդվեյում բեմադրել է իր եղբոր համահեղինակությամբ՝ 1961թ.-ին: Իսկ մեկ տարի անց նա ինքնուրույն գրում է «Փոքրիկ եսը» մյուզիքլի լիբրետոն՝ ըստ Փաթրիք Դենիսի նույնանուն վեպի:

Նրան ժողովրդայունություն է բերում 1963թ.-ն, երբ բեմադրվում է նրա առաջին հայտնի՝ «Ոտաբոբիկ՝ այգու միջով» պիեսը:

Իսկ 1966-1967թթ Բրոդվեյի տարբեր թատրոններում, բացի այդ գործը, միաժամանակ ցուցադրում էին նրա ևս 3 պիեսներ՝ «Տարօրինակ զույգը», Քնքույշ Չարիթին» և «Աստղերով ցողված աղջիկը»:

Սայմոնի հեղինակած պիեսներից շատերի հիման վրա նկարահանվել են ֆիլմեր: Բոլոր այդ դեպքերում նա անձամբ է այդ գործերը վերածել կինոսցենարների: Այդպիսի աշխատանքներից են «Փարթամ տիկինը» (1970), «Միայն այն ժամանակ, երբ ծիծաղում եմ» (1981), «Արևային տղաները» (1975) և այլն:

Նիլ Սայմոնը բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր է:





Լուսանկարը՝ «Associated Press» -ի
    Դիտվել է 835 անգամ