Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տեխնալոգիաների կիրառությունը ռեժիսորին գցում է կախվածության մեջ

01.08.2019


Մյուզիքլի ժանրում ռուսաստանցի բեմադրիչ Ալեքսեյ Ֆրանդետիի կարծիքով ներկայացումն ստացել է, թե՝ ոչ, հեշտությամբ կարելի է գլխի ընկնել այն արագություններից, որով աշխատում են բեմադրության հագուստները, ռեկվիզիտն ու բուտաֆորիան պատրաստող արտադրամասերի աշխատակիցները: «Այդտեղ մարդիկ շարժման մեջ են, նրանց աչքերը փայլում են, ուրեմն, ամեն ինչ կարգին է»,- նշում է ռեժիսորը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Ֆրանդետին յուրահատուկ գնահատական է տալիս նաև այսօր թատերական բեմադրություններում լայնորեն օգտագործվող ժամանակակից տեխնալոգիաների կիրառմանը և ունի իր վերապահումները: Օրինակ նա նշում է, որ իր բեմադրություններում այդպիսի տեխնալոգիաների կիրառմանը ինքը դիմում է առավել շուտ այն պատճառով, որ այդ մասին խնդրում են թատրոնները: Դժվար է ասել, որ այդ տեխնալոգիական հնարքների օգնությանը դիմելը անձամբ իր ցանկությունն է, նշում է նա:

Նա համոզված է, որ ժամանակակից տեխնալոգիաների կիրառությունը ռեժիսորին գցում է կախվածության մեջ: Դրանք, ըստ նրա «ֆորս-մաժորային դեպքերում իրավիճակն արտիստների հաշվին փրկելու հնարավորությունները հասցնում են զրոյի»:

Բեմադրիչը հիշում է մի այսպիսի օրինակ, երբ Բեռլինի «Komische Oper» թատրոնի «Կախարդական սրինգ» ներկայացման ժամանակ հանկարծ կախվեց համակարգչի սերվերը և... ներկայացումը պարզապես տապալվեց:

Ֆրանդետին պատմում է նաև համանման մի դեպք, երբ ռուսաստանցի իր ծանոթ ռեժիսորի ներկայացման գլխավոր փորձի ժամանակ տեղի ունեցավ ճիշտ այդպիսի տեխնիկական խափանում: Նման դեպքերում բեմադրիչն ստիպված է դուրս գալ բեմ, կանգնել հանդիսատեսի առաջ գլխիկոր և հայցել նրա ներողամտությունը. «Տղերք, կներեք, կինո չի լինելու, ձեր փողերը տոմսարկղում են:

Ֆրանդետին հիշում է նաև Մեծ թատրոնում իր բեմադրած «Ուղեցույց ըստ նվագախմբի: Կենդանիների ուղեցույց» ներկայացման ժամանակ պատահած տեխնիկական խափանումը, որի պատճառով չկարողացան ցուցադրել ներկայացման կեսը: Այդ ժամանակ էլ ինչ-որ հանդիսատես ոտքով պատահաբար դիպել էր փոխանցումային լարին և ազդանշանն ընդհատվել էր...

«Այնպես, որ ժամանակակից տեխնալոգիաները վտանգավոր բան են»,- նշում է ռեժիսորը և հիշում, որ Լոնդոնում «Օպերայի ուրվականը» ներկայացման դեկորացիաները մինչև այսօր էլ փոխում են ձեռքով և դրանից բեմադրությունն ավելի վատը չի դառնում...

Եվ ի վերջո, ամփոփում է Ֆրանդետին. « Չէ որ մենք թատրոն ենք գալիս առաջին հերթին հանուն կենդանի զգացմունքների»:




    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 1057 անգամ