Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պետք է դառնա այնպիսի մեկը, որը չի կարող ապրել առանց բալետի

06.07.2019

Ռուսաստանցի հայտնի խորեոգրաֆ Բորիս Էյֆմանը հայտարարել է, որ այսօր խորեոգրաֆիական կրթությունը և բալետը հայտնվել են ճգնաժամի մեջ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Այսօր Նյու-Յորքում հյուրախաղերով հանդես եկող Սանկտ-Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնի ղեկավարի գնահատմամբ այդ երևույթը արձանագրվում է բալետի ողջ աշխարհում: «Չկա մեկը, որ պարի, ստեղծի խորեոգրաֆիա, չկա սովորելու համար մեկը»,- նշել է Էյֆմանը:

Նրա կարծիքով կան հիմնախնդիրներ: «Այո, կան վառ անհատականություններ, սակայն դրանք եզակի են, բացառություն օրինաչափությունից»,- ընդգծել է խորեոգրաֆը և ավելացրել, որ ամբողջության մեջ կա այն զգացումը, որ բալետային արվեստը գտնվում է ճգնաժամի մեջ:

Էյֆմանը կարծում է, որ Ռուսական բալետի պատմությունը թույլ չի տալիս երկար մնալու այդ վիճակում: Որպես ստեղծված իրավիճակից դուրս գալու եղանակ նա նշել է պետության օժանդակությամբ առաջիկայում ստեղծվելիք բալետի յուրահատուկ կենտրոնը, որտեղ իրականացվելիք ներդրումների շնորհիվ նա հույս ունի, որ ի հայտ կգան այս ոլորտի նոր, ունիվերսալ, տաղանդավոր գործիչներ:

Նա նաև տեղեկացրել է, որ շուտով Պետերբուրգում շարք է մտնելու բալետով զբաղվող երեխաների համար նախատեսված մի ամբողջական կրթական-մշակութային կլաստեր, որտեղ անհրաժեշտ պայմաններ են ստեղծվելու բալետի ոլորտի նոր սերնդի մասնագետներ պատրաստելու համար:

«Սովորաբար բալետի դպրոց են ընդունում 5-րդ դասարանում սովորողներին: Դա արդեն 11 տարեկան երեխա է, բավականին ձևավորված անհատականություն, փոքրիկ մեծ մարդ: Իսկ մենք ընդունում ենք 7 տարեկան հասակից՝ հասունացման սկզբնական փուլից: Այդ տարիքում մենք ցանկանում ենք երեխային ներշնչել, նրա հոգուն փոխանցել բալետի, պարի, երաժշտության, արվեստին ծառայելու նկատմամբ սեր»,- ասել է Բորիս Էյֆմանը:

Այդ հանգամանքը նա կարևորում է, քանի որ բալետի արտիստների կյանքը բարդ է, հղի վնասվածք ստանալու հավանականությամբ և հոգեբանական առումով բարդ: Ըստ էյֆմանի այդ մասնագիտության տիրույթում մարդը պետք է ֆանատիկորեն սիրի պարը, դառնա այնպիսի մեկը, որը չի կարող ապրել առանց բալետի...


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 671 անգամ