Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ընթացիկ տարում կմեկնարկի «Ջիգարխանյանի մրցանակ» թատերական փառատոնը

02.26.2020


Հայ մեծանուն դերասան Արմեն Ջիգարխանյանը հիմնել է իր անվան միջազգային թատերական մրցանակաբաշխություն, որի հաղթողին հնարավորություն կտրվի պատրաստել բեմադրություն նրա ղեկավարությամբ գործող մոսկովյան թատրոնում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Փառատոնին մասնակցելու հնարավորություն կտրվի առնվազն 5 տարի առաջ մասնագիտական բուհ ավարտած շրջանավարտներին և այն արվեստագետներին, որոնց տարիքը չի անցնում 40-ից:

«Ջիգարխանյանի մրցանակը» նպատակ է հետապնդում պրոֆեսիոնալ բեմի համար ի հայտ բերել տաղանդավոր ռեժիսորներ, դրամատուրգներ:

Բացի այդ մրցանակաբաշխությունը կզբաղվի լավագույն բեմադրություններն առաջ քաշելով, այնպիսի ներկայացումներին օժանդակելով, որոնք արդի իրականության մեջ զարգացնում են հոգեբանական թատրոնը, բարձրացնում ժամանակակից մարդու և հասարակության զարգացման համար կարևոր հարցադրումներ:

«Ջիգարխանյանի մրցանակ» առաջին փառատոնը նախատեսվում է անցկացնել 2020թ.-ի սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 3-ին: Այն կնվիրվի հայ մեծանուն արտիստի 85 և նրա ղեկավարությամբ գործող թատրոնի 25-ամյակին:

Փառատոնի ընթացքում նախատեսվում են նաև վարպետաց դասեր, ռուսերենով ստեղծագործող ժամանակակից հեղինակների պիեսների ընթերցումներ՝ երիտասարդ ռեժիսորների ղեկավարությամբ:

«Մենք պիեսների ընթերցումների ենք գնում, որովհետև կարծում ենք, որ դրանից կարող են ծնվել ինչ-որ նախագծեր»,- նշել են թատրոնում:

Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող թատրոնում բեմադրություն պատրաստելու իրավունքից բացի, մրցանակներ են նախատեսված նաև ներկայացումը լավագույն ձևավորելու, տղամարդու և կնոջ լավագույն դերակատարման, տղամարդու և կնոջ երկրորդ պլանի լավագույն դերակատարման, լավագույն ստեղծագործական խմբի համար: Հատուկ մրցանակ կլինի նաև ժյուրիի կողմից, որի պատվավոր նախագահը թատրոնի ղեկավար Արմեն Ջիգարխանյանն է:






Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 694 անգամ