Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ինչպես միմյանց շրջանցում են վարակվելու վախը սրտերում պահած անցորդները

05.05.2020

«Ես չեմ կարող ասել, թե որքան է արդարացված խուճապը, բայց ակնհայտ է, որ աշխարհը կփոխվի»,- ռուսական «Տեատրալ» պարբերականին տված հարցազրույցում նշել է Ավստրալիական Մելբուռն քաղաքի «Էմպիրեյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Վյաչեսլավ Միլլերը:

Նա կարծում է, որ այդ փոփոխությունը շատ բանով կախված է ստեղծագործողներից, որոնք պետք է ողջ աշխարհում դասեր քաղեն իրենց սխալներից: Քանի որ, ըստ նրա, մշակույթի գործիչների ազդեցությունը մարդկանց գիտակցության ձևավորման վրա մեծ է:

Ըստ Միլլերի «այս ընդմիջումը» մարդկությանը տրվել է ներքին մենախոսության համար, հավերժական արժեքներ և բարոյական իդեալներ արարողների մշակույթի հանդեպ մոտեցումները վերարժևորելու համար:

«Մի՞թե շատ թատրոններ նպատակադրված չէին, օրինակ, ցանկացած ճանապարհով գրավել հանդիսատեսին իր բեմադրությունները դիտելու համար»,- հարցնում է Միլլերը և արձանագրում, որ զանգվածային հանդիսատեսին գրավելու մրցավազքում բեմ է բարձրացվում գռեհիկությունը, բռնությունը, անբարոյականությունը: Պատվի են արժանանում այն դրամատուրգները, որոնք գրում են դատարկ, անբովանդակ, «գոտկատեղից ցածր» պիեսներ: Օլիմպիոս են բարձրացել այնպիսի ռեժիսորներ, որոնք պղծում են դասական ստեղծագործությունները և ներգործում են մարդկանց գիտակցության վրա՝ խաղալով պարզունակ բնազդների հետ... Դա կատարվում է նաև կինոյում...

«Իսկ հիմա որտե՞ղ է այդ զանգվածային հանդիսատեսը»,- ակնհայտ երգիծանքով հարցնում է Միլլերն, անշուշտ, նկատի ունենալով կորոնավիրուսի համաճարակի պատճառով ամբողջ աշխարհում ձևավորված ինքնամեկուսացման և կարանտինային իրավիճակը:

Միլլերը կարծում է, որ բոլոր ստեղծագործող մարդիկ պետք է սթափվեն, այլապես այն «զանգվածները», որոնք վարժվել են բեմի և էկրանի «սանձարձակություններին» և որոնց մեջ արդեն ձևավորվել է որոշակի «ճաշակ» հոգևորի բացակայության համաճարակի պայմաններում կթևանցեն թատերական դահլիճները և կինոթատրոնները՝ ճիշտ այնպես, ինչպես հիմա միմյանց են շրջանցում վարակվելու վախը սրտերում պահած անցորդները...




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 666 անգամ