Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Եվրոպան որպես հարած սպիտակուց, սերուցք ու շաքար

12.25.2013


Շվեյցարիայի Բազել քաղաքի թատրոնի արտահաստիքային դրամատուրգ Մալթե Ուբենաուֆը բեմադրիչ Քրիստոֆ Մարթալերի հետ ստեղծել են մի նոր ներկայացում, որի բոլոր հերոսները և իրավիճակները վերցվել են ֆրանսիացի վիպագիր Էժեն Լաբիշի տարբեր պիեսներից և այն ներկայացումից, որը դեռևս 90-ական թվականներին որպես ռեժիսորական դեբյուտ բեմադրել էր Մարթալերը:

Ներկայացումը անվանել են Եվրոպայում ժողովրդայնություն վայելող դեսերտի անունով՝ «ile Flottante» (լողացող կղզի):

Այդ քաղցր և եթերային ուտելիքում Մարթալերը տեսնում է ժամանակակից եվրոպական հասարակության խորհրդանիշը՝ մի կողմից այն փխրուն է, թեթև, դեպի իրեն քաղցրորեն ձգող, մյուս կողմից դատարկ: Չէ՞ որ բաղադրատոմսի համաձայն այդ դեսերտային ուտլիքը ոչինչ չի պարունակում, բացի հարած սպիտակուցներից, սերուցքից ու շաքարից: Այն հալչում է բերանում, թողնելով միայն քաղցր հիասթափության զգացում: Իսկ նրա կայունությունը հաստատուն չէ, ինչպես և այսօրվա Եվրոպայի դրությունը, որի մայրամուտը մենք տեսնում ենք:

Մարթալերը, որպես ռեժիսոր, հայտնի է իրեն յուրահատուկ ոճով, որտեղ իրար են միանում թանձր երաժշտական մթննոլորտը, կարեկցանքը և սերը մարդկանց հանդեպ և, միաժամանակ, համատարած հիասթափությունը աշխարհակարգի նկատմամբ:

Իր նոր ներկայացման մեջ աբսուրդային իրավիճակների և անիմաստ հերոսների միջոցով ռեժիսորը բացում է կյանքի դառնությունը:
    Դիտվել է 1187 անգամ