Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Քնած գեղեցկուհու» պատմությունը ազատության և նույնականության մասին

12.23.2022


Այսօր, դեկտեմբերի 23֊ին, Ավստրիայի Լինց քաղաքի «Landestheater»֊ում կկայանա Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» բալետի յուրահատուկ ընթերցման պրեմիերան՝ խորեոգրաֆ և ռեժիսոր Անդրեյ Կայդանովսկու բեմադրությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Կայդանովսկու մեկնաբանությամբ Քնած գեղեցկուհին ապրում է հեդոնիզմով (հաճույքները կյանքի գլխավոր իմաստը համարող) ձևավորված աշխարհից մեկուսացած։ Այդպիսի հասարակության աշխարհը բեմադրիչը ներկայացնում է յուրահատուկ կամերային բեմադրությամբ։ Միայն պատահականությունն է հերոսուհուն ուղեկցում իրականության աշխարհ։ Նա խոր քուն է մտնում և քնի մեջ ի հայտ է գալիս անգիտակցականը։ Հերոսուհին արթնանում է իր համար բոլորովին նոր իրականությունում, որը նրան դարձնում է ինքն իր վրա վստահ և վճռական կին։ Կայդանովսկին մեծ հումորով, աբսուրդի սահմանագծին մոտ դիտարկում է ոչ պարզունակ թեմաներ՝ հասունանալու, ծնողների սերնդի կախվածություններից ազատվելու վերաբերյալ։ Նա ստեղծում է ինքնաբավ ազատության և նույնականության մասին պատմություններ, բայց միաժամանակ ներկայացնելով հոգեկան ուժը, գեղեցկությունը և կարոտը։

Բեմադրության հեղինակը «Քնած գեղեցկուհին» ներկայացնում է ժամանակակից գեղագիտության չափանիշներով։ Չայկովսկու երաժշտությունը բեմադրության մեջ լրացվում է սաունդ֊դիզայնով։

Անդրեյ Կայդանովսկին պարողի և խորեոգրաֆի մասնագիտությունը սովորել և հղկել է Ռուսաստանի և Եվրոպական մի շարք հեղինակավոր մասնագիտական հաստատություններում։ Որպես խորեոգրաֆ նա իր դեբյուտը կատարել է Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ֊Դանչենկոյի անվան թատրոնում։ Դրանից հետո հաջողությամբ մի շարք բեմադրություններ է իրականացրել նաև Վիենայի, Բավարիայի, Համբուրգի, Չեխիայի թատերասերների համար։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 173 անգամ