Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երկաթե համակարգի և մարդու պայքարում սովորաբար հաղթում է համակարգը

03.31.2023

Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնում առաջին անգամ անդրադարձել են Ռուսաստանի պատմության մեջ առավել հակասական և խորհրդավոր ինքնակալներից մեկին՝ Պավել 1֊ին կայսրին։ Սա խելագար բռնակալության ժամանակաշրջանի մի յուրահատուկ անդրադարձ է, որը ռուսական դրամայի Արծաթե դարաշրջանի նշանակալից ներկայացուցիչներից մեկի՝ Դմիտրի Մերեժկովսկու ստեղծագործության հիման վրա բեմադրել է ռեժիսոր Նատալիա Կովալևան։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

«Մենք ապրում ենք իրատեսական (ռեալիստական) արվեստի անկման նախօրե, դեռ չտեսնված իդեալիզմի մեջ․․․ Անհրաժեշտ է ինչ֊որ անսովոր, մեծ պոռթկում, որպեսզի փրկվի Գեղեցկությունն, Արվեստն այն բարբարոսությունից և գռեհկությունից, որոնք արշավում են դեպի մեզ»,֊ գրել է Մերժկովսկին ռուսաստանցի մեծ դերասանուհի Մարիա Երմոլովային։

Վախթանգովյան թատրոնի այս բեմադրությունը պրեմիերայի նախօրեին ստացել է «հանդիսատեսի առջև բացահայտվող յուրահատուկ Համլետ» բնութագիրը։

,«Պավել 1֊ին» (1908թ) պիեսը Մերժկովսկու «Գազանի թագավորությունը» ընդհանուր խորագրով եռապատման առաջին ստեղծագործությունն է։ Այն պալատական հեղաշրջման պատմություն է, որին ավելի ուշ հաջորդել են «Ալեքսանդր 1-ին» (1913թ) և «Դեկտեմբերի 14» (1918թ․) ստեղծագործությունները։

Դմիտրի Մերեժկովսկին շատ ամուր թելերով էր կապված Քրիստոնեական գաղափարախոսությանը։ Իր «Գազանի թագավորությունը» եռապատման անվանումը նրա կրոնական փիլիսոփայության սկզբունքների դրսևորում է։

Ըստ նրա մարդկության պատմությունը ունի վերջ և Ապոկալիպսիսի ճանապարհին մարդը պետք է անցնի իբր թե արդար գործի համար արյուն հեղող գազանի թագավորության միջով, որն իրականում թշնամության և տարաձայնությունների, թագավորների ու զորավարների դարաշրջան է։

Այս բեմադրության մեջ գլխավոր հերոսի՝ ռուսական ցար Պավել 1-ի կերպարը բացահայտվում է երկու տարբեր հարթությունների մեջ։ Մի դեպքում նա անխիղճ ու դաժան բռնակալ է, որը կարող է հրամայել, որպեսզի մինչև մահու աստիճան ծեծեն ծեր զինվորին ինչ֊որ մի չնչին զանցանքի համար, միաժամանակ պատերազմ հայտարարեն 5-6 պետությունների․․․Նրանից բոլորը սարսափում են, նրան համարում են խելագար։ Բայց, մյուս հարթության մեջ, ժամանակակից բեմադրիչը, ասես որսալով և երկխոսելով 20֊րդ դարի առաջին տասնամյակում ստեղծված պիեսի հեղինակի հետ, իր հերոսին պատկերում է սովորական մարդկային հատկանիշների տիրույթում։ Պավել-1֊ինը իր սիրելի կնոջ մոտ արմատականորեն փոխված նորմալ մարդ է, որը, պարզապես, կարոտ է հանգստի և սիրո։

Պետությունը և մարդը միևնույն կերպարի մեջ պայքարում են իրար դեմ։ Եվ հանդիսատեսը տեսնում է, թե որքան սուր է այդ կոնֆիկտը և անխուսափելի, քանի որ Պավելը կանգնած է մեխանիկական երկաթե համակարգի և մարդու միջև, որտեղ սովորաբար հաղթում է համակարգը։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 379 անգամ