Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

21֊րդ դարում առաջին անդրադարձը ժամանակակից չինական գրականությանը

04.19.2023

Պսկով քաղաքի Պուշկինի անվան դրամայի ակադեմիական թատրոնը այսօր՝ ապրիլի 19֊ին և վաղը՝ 20֊ին, Ռուսաստանի պետական թատրոններից առաջինը 21֊րդ դարում անդրադարձել է ժամանակակից չինական գրականությանը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am․֊ը՝ հղում անելով « oteatre.info»֊ին։

Չին գրող, նոբելյան մրցանակի դափնեկիր Մո Յանի 2009 թվականին լույս տեսած «Գորտերը» վեպը պիեսի է վերածել թատրոնի արթ֊տնօրեն Անդրեյ Պրոնինը, իսկ բեմադրության հեղինակը ռեժիսոր Նիկիտա Կոբելևն է։

«Գորտերը» վեպը և պսկովյան համանուն բեմադրությունն անդրադառնում է Չինաստանի պատմության այն փուլին, երբ պետականորեն արգելք էր դրվել ընտանիքներում մեկից ավելի երեխա ունենալուն։

Մարդկանց ծննունդը վերահսկողության տակ վերցնելու այդ ժամանակաշրջանում այնտեղ, որտեղ նախկինում լսվում էր լուսաշխարհ եկող երեխաների ճիչը, այժմ հնչում են հղիությունը արհեստականորեն ընդհատող դժբախտ մայրերի ցավի ձայները։ Փոխվում են ժամանակները, քաղաքական օրակարգերը, իսկ այդ համապատկերում կոտրվում են ու խեղվում մարդկային ճակատագրեր․․․

Գլխավոր հերոսուհին, արդեն ծեր Վան Սինը տառապում է ոչ միայն խղճի խայթերից։ Նրան նաև սկսել են հետապնդել հրեշավոր գորտերի հսկայական բազմություններ։ Այդ տեսքով են ծեր կնոջ աչքին երևում բոլոր սպանված էմբրիոնները․․․ Այս ամենը գուցե լոկ պիեսի մյուս հերոսի, Ժան Պոլ Սարտրի փառքին ձգտող դրամատուրգ, գլխավոր հերոսուհու զարմիկ Կէդոուի գեղարվեստական մտածողության դրսևորու՞մն է․․․

Բեմադրության ժանրը հեղինակներն անվանել էլ «էպիկական դրամա․։ Սակայն ռեժիսորը պնդում է, որ ինչպես վեպը, այնպես էլ բեմադրությունը դուրս են նաև դրա շրջանակներից։

«Մեր բեմադրությունը միայն Չինաստանի մասին չէ։ Ազգային նյութի հիման վրա Մո Յանը ստեղծել է ունիվերսալ գործ»,֊,֊ նշել է Նիկիտա Կոբելևը։

Ռեժիսորը ընդգծել է, որ իրենց ներկայացման մեջ ձգտել են վերաստեղծել չինական մշակույթի յուրահատուկ կողմերը, կոլորիտը։ Այն կարելի է ընկալել նաև որպես առասպել, սակայն այնպիսի բովանդակությամբ առասպել, որը շոշափում է ընդհանրապես մարդկային արժեքները։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 344 անգամ