Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեժիսոր Կարո Բալյանի հերթական շեքսպիրապատումը Ռուսաստանում

07.13.2023


Սանկտ֊Պետերբուրգի պատանի հանդիսատեսի թատրոնի 2023-2024թթ․ թատերաշրջանը կբացվի ռեժիսոր Կարո Բալյանի «Ամռան գիշերվա երազը» բեմադրությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Այդ երաժշտական ներկայացման կենտրոնական թեման սիրո բնույթն է, այդ զգացումի ընթացքը և անսպասելիությունը։ Թատրոնի մամլո հաղորդագրության մեջ ընդգծված է, որ բեմադրությունը ներկայացնում է դերասանների խաղի և երևակայության հնարավորությունները, որը նրանց ընձեռում է Շեքսպիրյան դրամատուրգիան իր հումորով, իր սյուժետային գծերով։ Ներկայացման մեջ գործում են ամենատարբեր հերոսներ՝ սիրահարների երկու զույգ, կախարդական էակներ և արհեստավորներ։ Նշենք, որ բեմադրության մեջ մեկ դերասանը խաղում է մի քանի կերպար, բացի այդ նրանք հանդես կգան որպես երաժիշտներ։

Կարո Բալյանը Երևանում պարբերաբար անցկացվող Շեքսպիրյան թատերական փառատոնի տնօրենն է։ Նա ռուսաստանցի թատերասերների համար ծանոթ անուն է։ Բեմադրություններ է պատրաստել Օրսկ («Չափը՝ չափի դիմաց», «Ռոմեո և Ջոլիետա»), Նովոսիբիրսկ («Լիր արքա») քաղաքներում: Բացի այդ, նա «Չիչարդ III» է բեմադրել Հունգարիայում։

Ռուսաստանյան լրատվամիջոցին Բալյանը տեղեկացրել է Շեքսպիրի դրամատուրգիայի նկատմամբ իր մոտեցման մասին։ Ըստ նրա, Շեքսպիրն այն դրամատուրգն է, որին կարելի է բեմադրել անվերջ։ «Ամեն անգամ նրա պիեսներում գտնում ես նոր մտքեր և իմաստներ»։

Բալյանը նշել է, որ իր բեմադրության մեջ չի լինելու խոր փիլիսոփայություն։ «Այն լինելու է բարի և թեթև կատակերգություն՝ զվարճալի հերոսների մասին, որոնք հայտնվում են երազի կախարդական աշխարհում և իրենք իրենց մեջ բացահայտում անսպասելի նոր գծեր»,֊ նշել է Բալյանը։

Այս բեմադրության վրա աշխատել են նաև սցենոգրաֆ Լինա Դիլովան և կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը։

Պրեմիերան նախատեսված է սեպտեմբերի 1-ին և2֊ին։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 502 անգամ