Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Համբուրգի «Thalia Theater»֊ի նոր թատերաշրջանը և հերթական «Herzzentrum»֊ը

07.19.2023

Գերմանիայում, Համբուրգ քաղաքի նշանավոր «Thalia Theater» թատրոնը հրապարակել է 2023-2024թթ․ թատերաշրջանի պրեմիերաների ծրագիրը։ Այդ բեմադրությունները իրականացնող ռեժիսորների թվում նշված են նաև այնպիսի հայտնի անուններ, ինչպիսիք են Միքայել Թալհայմերը, Լյուք Պերսևալը և Էվելինա Մարցինյակը։ Այդ մասին «oteatre.info»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թանտոնագլուրը»։

Արդեն սեպտեմբերին թատրոնի երկու հարթակներում կկայանան 4 պրեմիերաներ։ Ռեժիսոր Քրիստոֆեր Ռյուփինգը կներկայացնի «Դեռ քնած չե՞ս» բեմադրությունը՝ ըստ Բենյամին ֆոն Շթուգրադ Բարրեի համանուն վեպի, որը լույս է տեսել այս տարի, Էվելինա Մարցինյակը կներկայացնի «Իմ հանճարեղ ընկերուհին», որի համար գրական հիմք է դարձել Էլենա Ֆարրենտեի ստեղծագործությունը, Ամիր Ռեզա Քուհեսթանին կթողարկի «Դանտոն Reloaded֊ի մահը»՝ ըստ Բյուխների պիեսի։ Ի դեպ, այս բեմադրությունը Համբուրգի թատրոնը պատրաստում է Վայմար քաղաքի արվեստների փառատոնի հետ համագործակցությամբ։

Պրեմիերաների առաջին քառյակը կեզրափակվի երիտասարդ ռեժիսոր Քամիլա Ֆերրազի «Գայլի» բեմադրությամբ, որը ստեղծվել է գրող Սաշա Սթանիշիչի այս տարի հրատարակած նույնանուն վեպի հիման վրա և հասցեագրված է պատանիներին։

Համբուրգցի թատերասերներին երկու պրեմիերա էլ կմատուցվի նոյեմբերին՝ «Գործընթացը»՝ ըստ Կաֆկայի» ստեղծագործության։ Այս բեմադրության վրա աշխատում է ռեժիսոր Միքայել Թալհայմերը։ Իսկ երկրորդ թատերախաղը, որը վերնագրված է «Արև/Օդ», կբեմադրի ռեժիսոր Շառլոտա Շփրենգերը՝ ըստ Էլֆրիդա Ելինեկի պիեսի։

Դեկտեմբերին ճապոնացի ռեժիսոր Թոշիկի Օքադան կներկայացնի «No Horizon» հեղինակային բեմադրությունը, իսկ հունվարին կկայանա թատերաշրջանի կարևոր պրեմիերաներից մեկը․ Լյուք Պերսևալը կներկայացնի Հանս Ֆալլադի «Գայլերը գայլերի մեջ» բեմադրությունը։ Այն անդրադառնում է 1920֊ական թվականների Բեռլինյան կյանքին։ Նշենք որ Պերսևալը մինչ այս «Thalia Theater«֊ում ներկայացրել է նույն հեղինակի՝ Հանս Ֆալլադի «Յուրաքանչյուրը մահանում է միայնակ» ստեղծագործության բեմադրությունը։

Նոր տարվա՝ 2024թ․֊ի սկզբին Համբուրգի թատրոնում կհայտնվի «Ամոթը»՝ «ազատ վերամշակմամբ»։ Դասական ռեժիսոր Ինգմար Բերգմանի սցենարի ընթերցմամբ Համբուրգի թատրոնում իր դեբյուտը կնշի Շվեդ ռեժիսոր Մաթթիաս Անդերսոնը։

Փետրվարին ռեժիսոր Յեթթե Շթեքելը համբուրգցիներին կներկայացնի ռուսաստանցի հայտնի գրող Միխայիլ Բուլգակովի հանրահայտ «Վարպետը և Մարգարիտան» վեպի իր բեմական տարբերակը։ Իսկ մարտին բեմադրիչ Յոհանա Սիմոնսոնը բեմ կբարձրացնի «Կյանքը ինչպես երազ»՝ ըստ Քալդերոնի նույնանուն պիեսի։ Ապրիլին «Thalia Theater» թատրոնի ազդագրերում կհայտնվի «Նոր բեմադրություն», որը երիտասարդ ռեժիսոր Լորենց Նոլթինգի նախագիծն է։

Իսրայելցի գրող և ռեժիսոր Յաէլ Ռոնեն, որ շատ հաճախ է համագործակցում համբուրգյան թատրոնի հետ, կթողարկի «Գործերի դրությունը» բեմադրությունը։ Իսկ թատերաշրջանի եզրափակիչ պրեմիերան կլինի Լեսսինգի «Էմիլիա Գալոթթիի» նոր տարբերակը, որը հունիսին կներկայացնի ռեժիսոր Աննե Լենքը։

Բացի այդ, 2023-2024թթ․ թատերաշրջանում «Thalia Theater»֊ը թատրոնը կներկայացնի «Herzzentrum» անունով հերթական նախագիծը, որն ավանդույթի համաձայն ներկայացվում է քաղաքային ոչ թատերային տարածքներում։ Այս անգամ նախագծում ընդգրկվել է գրող և արևելագետ Նավիդ Քերմանիի «Այբուբեն մինչև S» նոր վեպը։ Այս նախագծի ռեժիսորը Յեթթե Շթեքելն է։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 349 անգամ