Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շառլեվիլ֊ Մեզերը համարվում է տիկնիկային արվեստի սրբավայրերից մեկը

09.21.2023



Ֆրանսիայի հյուսիս֊արևելքում գտնվող Շառլեվիլ֊ Մեզեր փոքրիկ քաղաքում արդեն մի քանի օր է, որ ընթանում է տիկնիկային թատրոնների ավանդական միջազգային փառատոնը, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած 86 թատերական կոլեկտիվներ։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « rfi.fr»֊ին։

Մինչև սեպտեմբերի 25֊ը թատերական այս ֆորումին, որպես հանդիսատես, մասնակցելու հնարավորություն ունեցող 150 հազար հյուրերը կծանոթանան տիկնիկախաղացների հատուկ արվեստին և այս ֆորումին առաջին անգամ մասնակցող ուկրաինական Խարկով և լատվիական Կլայպեդա քաղաքների տիկնիկային թատրոնների բեմադրական կարողություններին։

Փառատոնում ցուցադրվելու է, ընդհանուր առմամբ, 446 բեմադրություն։

Թեև Շառլեվիլ֊ Մեզերում այս օրերին անձրևային եղանակներ են, սակայն ներկայացումները ցուցադրվում են նաև փողոցներում։

Փառատոնի առաջին օրերի լավագույն տպավորություններից մեկը հանդիսատեսներին պարգևել են Լատվիայի Կլայպեդա քաղաքի և Իսրայելի «Item» տիկնիկային թատրոնները, որոնց համագործակցության արդյունքում ծնվել է «The Big Bang» բեմադրությունը։ Այն անդրադառնում է մեր օրերի բնակլիմայական ճգնաժամի տարաբնույթ հարցադրումների։

Կլայպեդայի թատրոնի բեմադրությունը ֆուտուրիստական հեքիաթ է՝ հասցեագրված պատանի հանդիսատեսներին։ Երկու ընկեր՝ «Կ» անունով թզուկ ռոբոտը և Բոթթի անունով էլեկտրոնային շնիկը ճամփորդում են էլեկտրոնային֊թվային աշխարհում։ Սա մի էլեկտրոնային դրախտ է՝ «Digital Hills», որտեղ ամեն ինչ առկայծում է և սնվում էլեկտրականությամբ։ Բայց հանկարծ այս աշխատհում կլիման փոխվում է և տեղի է ունենում անսպասել աղետ՝ սկսվում է անձրև տեղալ։ «Ջուրն այս հերոսների համար իրական վտանգ է ներկայացնում»,֊ նշում է թատերախմբի ներկայացուցիչ Ագնե Պուլոյակտեն և բարձրաձայնում գլխավոր հարցը՝ արդյո՞ք երկու հերոսները կկարողանան վերապրել և շարունակել իրենց ճանապարհը։

Ագնե Պուլոյակտեն նշել է, որ այս փառատոնին իրենց մասնակցությունն իսկական իրադարձություն է։
* * *
Չնայած Ուկրաինայում ընթացող պատերազմին, այս երկրի արտիստներն առիթը բաց չեն թողնում աշխարհին ծանոթացնելու իրենց մշակույթին։ Նրանք Շառլեվիլ֊ Մեզերի փառատոն են բերել ռեժիսոր Օքսաննա Դմիտրիևայի «Վերտեպ» վերնագրով բեմադրությունը, որը ավանդական ծննդյան տոների մասին է։ Այստեղ բիբլիկան պատումների մոտիվներով ներկայացվում է Հերովդես թագավորի և այսօր տեղի ունեցող հանցագործությունների միջև զգալի և տեսանելի կապը։

«Բեմադրության մեջ ավանդական տիկնիկ չի օգտագործվում, այլ կիրառվում է առարկայի թատրոնը։ Բեմադրությունը ոչ սովորական փորձարական ստեղծագործություն է, բայց, միաժամանակ, այն հենվում է ուկրաինական ավանդական մշակույթի վրա»,֊ նշել է թատրոնի գրական մասի ղեկավար Օլգա Դորոֆեևան։

Շառլեվիլ֊ Մեզերի միջազգային տիկնիկային թատրոնների փառատոնի պատմությունը սկսվում է 1961թ․֊ից։ Այն մասնագիտական ոլորտներում համարվում է տիկնիկային արվեստի սրբավայրերից մեկը և երկու տարին մեկ իր հարկի տակ է հավաքում այս թատերական ժանրի ավանդական և փորձարարական արվեստի տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներին։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 237 անգամ