Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այսօր Երևանում կմեկնարկի «Արմմոնո» միջազգային թատերական 12-րդ փառատոնը

04.25.2014


Այսօր երեկոյան Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կմեկնարկի «Արմմոնո» միջազգային թատերական 12-րդ փառատոնը: Այդ առթիվ կայացած մամլո ասուլիսում փառատոնի կազմակերպիչները հանդիպեցին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին և ներկայացրին միջոցառման ծրագիրը, նպատակները, աշխարհագրական ընդգրկումը, միտումները և էլի մի շարք հարցեր:

Հանրապետության Մշակույթի նախարարության ներկայացուցիչ Վարդան Գրիգորյանը խոսելով «Արմմոնո»-ի մասին, նշեց, որ թե հանրապետության մշակութային կյանքում և թե, մասնավորապես, թատերական կյանքում այս յուրահատուկ միջոցառումը կայացած և ճանաչում ձեռք բերած փառատոն է, որը հնարավորություն է ընձեռում այլ ոճերի ու ձևաչափերի կողքին նաև այս ժանրի մեջ տեսնել նոր արտահայտչամիջոցներ և այնպիսի փոփոխություններ, որոնք տեղի են ունենում արդի թատերական դաշտում:

Խոսելով մեկ դերասանի թատերական ներկայացումների երևանյան այս ստուգատեսի մասին, փառատոնի տնօրեն, դերասանուհի Մարիանա Մխիթարյանը ընդգծեց, որ ընդհանրապես, փառատոնի կազմակերպումն ու անցկացումը չի նշանակում ինչ-որ սպորտային մղումներով անցկացվող հանդիսություն: Արվեստում մրցույթը, որպես արվեստագետի որակական ցուցանիշների գնահատման եղանակ, ըստ փառատոնի տնօրենի, ընդունելի տարբերակ չէ: Այնպես, որ «Արմմոնո»-ն մրցույթ չէ, այլ թատերական արվեստի ձեռքբերումների, դերասանների մասնագիտական հատկանիշների ցուցադրություն: Ըստ Մ. Մխիթարյանի միջոցառումը առաջին հերթին անցկացվում է հայ դերասանների համար, որպեսզի նրանք հնարավորություն ունենան հայ հանդիսատեսին ներկայանալ նաև այս ժանրում:

Փառատոնը կընթանա 4 օր: Այդ ընթացքում կցուցադրվի 17 ներկայացում: Երևանցի հանդիսատեսների առջև բացի հայ դերասաններից, հանդես կգան նաև հյուրեր Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Լիտվայից, Ռուսաստանից:

Ի դեպ, ինչպես վստահեցրեց փառատոնի տնօրենը, մոնոներկայացումների ցուցադրություններ կկազմակերպվեն նաև հանրապետության մարզերում: Հունիսին «Արմմոնո»-ն հանդես կգա Հայաստանի տարածաշրջաններից մեկում, իսկ դրան, այնուհետև, կհաջորդի այլ թատերական համանման ներկայացումների մի շարք: «Այնպես, որ ամբողջ տարվա ընթացքում «Արմմոնո»-ն կվերածվի բովանդակալից մի գործընթացի»,- ավելացրեց Մարիանա Մխիթարյանը:
    Դիտվել է 1073 անգամ