Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հեղինակային իրավունքի խախտման դեպքն ավարտվել է հաշտության համաձայնությամբ

06.15.2014


Տոմսկի մարզի Արբիտրաժային դատարանը հաստատել է «Վերսիա» թատրոնի և Ռուսաստանի հեղինակային իրավունքների պաշտպանության ընկերության Սիբիրի բաժանմունքի միջև հաշտության համաձայնությունը: Այդ մասին «news.mail.ru»-ի հաղորդումը փոխանցում է «taglur.am»-ը:

«Թագլուր»-ի ընթերցողներին հիշեցնենք, որ խոսքն արդեն մի քանի ամիս ձգվող ռուս երկիծաբան, գրող Միխայիլ Զոշչենկոյի ժառանգների կողմից ընդդեմ Տոմսկ քաղաքի «Վերսիա» թատրոնի առաջադրված դատական հայցի մասին է: Գրողի հարազատները դատարանին ներկայացրած այդ դիմումով պնդում էին, որ թատրոնը «Հարսանիք» ներկայացումը բեմադրել է անօրինականորեն և խախտել է հեղինակային իրավունքի պաշտպանության մասին օրենքը:

Հաշտության համաձայնության պայմաններով «Վերսիա» թատրոնը տուժող կողմի ներկայացուցիչին՝ Ռուսաստանի հեղինակային իրավունքների պաշտպանության ընկերության Սիբիրի բաժանմունքին, պետք է վճարի 15 հազար ռուբլի, այդ թվում 10 հազար ռուբլի՝ որպես ստեղծագործության նկատմամբ ունեցած բացարձակ հեղինակային իրավունքները խախտելու դիմաց փոխհատուցման վճար:

Ասենք, որ անկախ փորձագիտական քննությունը հաստատել է, որ «Հարսանիք» ներկայացման 98 տոկոսն, իրոք, Զոշչենկոյի ստեղծագործության կրկնությունն է՝ բեմադրող-ռեժիսորի ոչ մեծ մշակումների նշաններով:

Իր հերթին թատրոնի գեղարվեստական ղեկավար Վերա Տյուտրինան ասել է, որ «ներկայացումը ոչ մաքուր տեսքով է Զոշչենկո»: Նրա ասելով «ներկայացման մեկ երրորդն, իրոք, կազմված է Զոշչենկոյի տեքստից», սակայն այնտեղ օգտագործվել են նաև այլ հեղինակների ՝ մասնավորապես Անտոն Չեխովի և Նիկոլայ Էրդմանի գործերը:
    Դիտվել է 1076 անգամ