Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հատակում հայտնվածների ողբերգությունը ըստ մոլդովացի գրողի և հայ ռեժիսորի

09.11.2014

Սեպտեմբերի 10-ին հերթական, բայց միաժամանակ հոբելյանական 85- րդ թատերաշրջանը Երևանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնը մեկնարկեց մոլդովացի դրամատուրգ Կոնստանտին Կեյանուի ,,Կոնտեյներում,, պիեսի բեմադրությամբ:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար և ներկայացման ռեժիսոր Հակոբ Ղազանչյանն ընտրելով այս պիեսը, պարզ և ճակատային հաղորդագրությամբ դիմում է իր հանդիսատեսին՝ հորդորելով հասկանալ օտար եզերքներում ապահով տանիք ու ապրուստ գտնելու մասին երազանքների սին լինելը:

Այդ հաղորդագրությունը հասկանալի և ընկալելի է դառնում անմիջապես, հենց ներկայացման սկզբից: Հերոսների առաջին իսկ երկխոսություների ընթացքում բացահայտվում են գոյատևման պայքարի յուրահատուկ որակներ ձեռք բերած, հայրենի եզերքից հեռացած միգրանտների հիմնական հաղթաթղթերը՝ խաբեությունը, փող շորթելու կամ գողանալու մոլուցքը, իր երևակայության մեջ հերթական փրկության եզր համարվող եվրոպական երկիր ամեն գնով ներթափանցելու ձգտումը...

Ընդհանուր առմամբ, ներկայացման մեջ գերակայողը անսպասելի շրջադարձերը կամ գործողություններից բխող ցնցումները չեն, ինչն այսօր կարծես վերածվում է հատուկ միտումի, հատկապես՝ ժամանակակից եվրոպական բեմադրիչների աշխատանքներում:

Այստեղ առավել շատ տիրապետում է խոսքը, ինչ-որ հատվածներում դերասանի մարմնի պլաստիկան, դավադիր վտանգների ու անորոշությունների խորհրդանիշի վերածվող ռիթմիկ երաժշտությունը և ներկայացման բարձրակետը՝ երկար ու զարմանալի խոսուն դադարը... Լռությունը:

Այդ դադարի մեջ բեմին կանգնած կերպարների ու նրանց հակընդեմ դահլիճի հայացքներն են, որոնք, սակայն, ոչ թե վանում են միմյանց, այլ արդեն տեսած, լսած մարդկային ստորութունների մամլիչից ազատվելու հնար գտնելու հույսով ավելի են մերձենում՝ վերածվելով ներքին դինամիզմով օժտված ամբողջության: Եվ, ուրեմն, իրերի այսպիսի դասավորության հանգամանքում պիտի շարունակել ներկայացումը, համարձակ և վստահ, քանի որ փոխըմբռնումը այլևս կայացած փաստ է:

Եվ ներկայացման հերոսները շարունակում են ցույց տալ հայրենի եզերքից կտրված և որևէ տեղ երբևէ հիմնավոր, կայուն հող չգտնելու դատապարտված մարդուն սպասող մահաբեր վտանգները:

Ղազանչյանի մեկնությամբ հետաքրքիր ալեգորիկ ներուժ է ձեռք բերում նաև եվրամիության սահմանի մոտ գոյության կռիվ մղող միգրանտների տեսադաշտում հայտնված նատոական խաչ հիշեցնող խորհրդանշանը: Այն հանդիսատեսը չի տեսնում, սակայն բեթհովենյան սիմֆոնիայի ,,Երջանկության ներբողի,, հնչյունների հետ հայտնվում է խոր և անհամատեղելի հակամարտության տիրույթում... Եվ, ի վերջո, ,,ՆԱՏՈ,,-ական խորհրդանշանի և բեթհովենյան 9-րդ սիմվոնիայի (նյութականի և ոգեղենի) բախումը հունից դուրս եկած մարդկային ճակատագիրը ուղղորդում է դեպի անխուսափելի և անվերադարձ ուղղությամբ...

Այդքանից հետո, մարդկանց թրաֆիքինգով զբաղվողի ձեռքում հայտնված ատրճանակը կամ դանակը, ոչ այլ ինչ են քան մանկական խաղալիքներ, որոնք ողբերգության, ստորացման ու ստորության այդ միջավայրում գտնվողի համար կարող են լինել նույնիսկ ավելին, քան փրկության եզրը: Ավելորդ են ներկայացման մեջ հայտնված այդ տաք ու սառը զենքերը, քանի որ կոնտեյներ մտնելու պատրաստվող էմիգրանտը ոչ միայն հաշտվել է իր մարդկային կերպարը կորցնելու մտքի հետ, այլև կամա թե ակամա, բայց արդեն ապրում է մահվան հետ թևանցուկ...

Հեղ. ,,ԹԱԳԼՈՒՐ,,
    Դիտվել է 1081 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների