Լեգենդար Լև Դոդինը արժանացել է երկու «Ոսկե սոֆիտի»
11.11.2014

Այդ մրցանակներին լեգենդար ռեժիսորն արժանացավ Ս. Պետերբուրգի Փոքր դրամատիկական թատրոն-Եվրոպայի թատրոնում բեմադրած «Բալենու այգին» ներկայացման համար:
Ասենք, որ Չեխովի այս պիեսին Լև Դոդինն անդրադառնում է երկրորդ անգամ: Հետաքրքիրն այն է, որ մերօրյա կյանքի այս յուրահատուկ շրջապտույտին ասես համընթաց նա կարողացել է գտնել նաև համապատասխան լուծումներ իր այս նոր ընթերցման պարագայում:
Մրցույթում լավագույն կնոջ դերակատար է ճանաչվել Ալիսա Ֆրեյնդլիխը, ռեժիսոր Անդրեյ Մոգուչի բեմադրած «Ալիսա» ներկայացման մեջ խաղացած դերակատարման համար (Պետերբուրգի Մեծ դրամատիկական թատրոն): Տղամարդու լավագույն դերակատարը Սերգեյ Պերեդուգովն է «Մենք բոլորս էլ հիանալի մարդիկ են» ներկայացման մեջ Միխայիլ Ռակատինի կերպարը խաղալու համար: Այս ներկայացումը Լենսովետի թատրոնում բեմադրել է ռեժիսոր Յուլի Բուտուսովը:
Օպերային բեմահարթակում լավագույնները դարձան Մարինյան թատրոնի դերասանուհի Տատյանա Սերժանը և Միխայլովյան թատրոնի դերասան Ալեքսանդր Կուզնեցովը: Իսկ բալետի ասպարեզում Միխայլովյան թատրոնի արտիստները և խորեոգրաֆները ստացան մրցանակ «Խոշոր ձևի լավագույն բալետային բեմադրություն» անվանակարգում՝ «Ապարդյուն նախազգուշություն» ներկայացման համար: Այս ոլորտում «Ոսկե սոֆիտով» նշանավորվեց նաև պարուհի Վիկտորիա Տերեշկինայի աշխատանքը, ով Մարինյան թատրոնում բեմադրված «Սիլվիա» ներկայացման մեջ հանդես է գալիս գլխավոր դերակատարմամբ:
Օպերային թատրոնի լավագույն բեմադրություն ճանաչվեց Ռ. Շեդրինի «Ոչ միայն սեր» ներկայացումը:
Բացի այդ, մրցանակներ ստացան նաև թատերական ոլորտի զարգացման մեջ իրենց մեծ ավանդը ներդրած մի շարք նշանավոր արտիստներ, ռեժիսորներ և թատերական այլ գործիչներ:
Պետերբուրգյան թատերական մրցանակաբաշխության հանդիսաավոր արարողությունը կայացել է նախօրեին, նոյեմբերի 10-ին, Ալեքսանդր Բրյանցևի անվան պատանի հանդիսատեսի թատրոնում:
«Ոսկե սոֆիտ» մրցանակը հիմնադրվել է 1995 թ.-ին: Այն ամենամյա մրցանակ է, որի դափնեկիրները որոշվում են այդ նպատակով կազմավորված փորձագետների հանձնաժողովի քվեարկությամբ: