Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մոսկվայի կամերային թատրոնը նշում է իր 100-ամյակը

12.12.2014


Մոսկվայում, Բախրուշինի անվան թատերական թանգարանի մասնաճյուղը հանդիսացող Մ. Շչեպկինի տուն թանգարանում այսօր բացվել է ինտերակտիվ ցուցահանդես՝ նվիրված Կամերային թատրոնի 100-ամյակին: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ցուցադրության «Արքայադուստր Բրամբիլլան» անվանումը փոխառված է Հոֆմանի հեքիաթի հիման վրա բեմականացված լեգենդար ներկայացումից, որը Կամերային թատրոնում իրականացրել է Ալեքսանդ Թաիրովը 1920 թ.-ին: Դա ներկայացում էր լրիվ անհետացումներով, կերպարանափոխումներով, դիմակահանդեսային հանդերձներով, արտահայտիչ բարձրահասակ տիկնիկներով և յուրահատուկ թատերական աքսեսուարներով: Ինչպես այն ժամանակ նշել է Թաիրովը. «Բեմական մթնոլորտի կառուցման և լուծումների մեջ մեծ մասնակցություն է ունեցել նկարիչ Գեորգի Յակուլովը»: Նրա էսքիզներն էլ կազմել են այս հոբելյանական ցուցադրության մեծ մասը:

Ցուցահանդեսի մյուս բաժինը հիմնականում նկարչուհի Ելենա Կոնորովայի մատիտանկերներից է կազմվել: Նա 1920-ականներին ներկայացման մոտիվներով ստեղծել է տոնածառի խաղալիքներ, արքայադստեր և աղքատ դերձակուհու արձանիկներ, ջայլամ-մարիոնեթներ և այլ առարկաներ: Ցուցահանդեսի փոքրիկ այցելուներին սպասում են ամանորի տոնածառը և վարպետաց դասերը, որոնց ժամանակ երեխաները կկարողանան իրենց զգալ Հոֆմանի հերոսներ և սովորել ապլիկացիաներով թատերական հանդերձներ պատրաստելու ձևերը;

Կամերային թատրոնի պատմությունն սկսվել է 1914 թ.- դեկտեմբերի 12-ին, բայց 35 տարի անց այն փակել են «էսթետիզմի և ֆորմալիզմի» պատճառով; Նրա բազայի հիման վրա ստեղծվել է Մոսկվայի Պուշկինի անվան դրամատիկական թատրոնը:

Կամերային թատրոնի 100 ամյակը կնշվի նոր տոմարով՝ դեկտեմբերի 25-ին: Սակայն այսօր իսկ արդեն Մոսկվայի Տվերյան ճեմուղում, թիվ 23 տան մոտ փակցված են լուսանկարներով ցուցատախտակներ, որոնք պատկերում են այդ թատրոնի անցած ուղին, բեմադրությունները, որոնք 20-րդ դարում զարմացրել են նաև աշխարհի բազմաթիվ երկրների թատերասերների:

    Դիտվել է 1008 անգամ