Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սաթի Սպիվակովան կմարմնավորի Անրի Բարբյուսի հերոսուհուն

01.30.2015

Փետրվարի 3-ին Մոսկվայի երաժշտության միջազգային տան թատերական դահլիճում հայտնի հեռուստահաղորդավար և դերասան Սաթի Սպիվակովան ռեժիսոր Ռոման Վիկտյուկի բեմադրությամբ կներկայացնի ֆրանսիացի գրող Անրի Բարբյուսի «Քնքշություն» ստեղծագործությունը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Ներկայացումը մի սիրո պատմություն, որն ամփոփված է 5 նամակների մեջ, որոնց բովանդակությունը արտիստուհին ներկայացնում է «Մոսկվայի վիրտուոզների կատարմամբ հնչող Շումանի, Բրամսի, և Ֆրանկի կենդանի երաժշտության ներքո:

Սաթի Սպիվակովան ասել է, որ ինքը Անրի Բարբյուսի այդ ստեղծագործությանը ծանոթ է դեռ այն ժամանակից, երբ պատրաստվում էր ընդունվել Մոսկվայի Թատերական արվեստների պետական ինստիտուտ: Իսկ մի քանի տարի առաջ նա առաջարկել է ռեժիսոր Ռոման Վիկտյուկին և միջազգային մրցույթների դափնեկիր, Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտ, մի շարք երաժշտական ներկայացումների հեղինակ Բասինիա Շուլմանին այդ երկի հիման վրա ստեղծել ներկայացում:

Սաթի Սպիվակովան 19 տարեկան հասակում նկարահանվել է «Անուշ» ֆիլմ օպերայում: 2000 թ.-ին հաջողությամբ մուտք է գործել հեռուստատեսության ոլորտ և հանդես եկել սեփական հեռուստածրագրերով, որոնցից են, օրինակ, «Կուլտուրա» հեռուստաալիքի «Կամերտոն» հաղորդումը և «Ոչ ձանձրալի կլասիկա» կրթական թոք-շուն, որն, ի դեպ, արժանացել է ռուսական հեռուստաակադեմիայի «ՏԷՖԻ» մրցանակին: Նա նկարահանվել է նաև ռուսական արտադրության մի քանի կինոնկարներում:

Սաթի Սպիվակովան, նշանավոր նվագավար և երաժիշտ Վլադիմիր Սպիվակովի կինը, թեև ապրում և ստեղծագործում է մերձավոր սփյուռքում, բայց պահպանում է սերտ կապերն իր հայրենիքի՝ Հայաստանի հետ:
    Դիտվել է 1053 անգամ