Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ոսկե դիմակը» կինոդահլիճները կդարձնի յուրահատուկ թատերական միջավայր

02.14.2015


Մարտի 6-ից ապրիլի 26-ին կայանալիք «Ոսկե դիմակ» մրցանակաբաշխությունն այս տարի ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի նաև երկրի ամենատարբեր քաղաքների կինոթատրոններում: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «coolconnections.ru»-ին:

«Ոսկե դիմակը կինոյում» նախագիծը, որը ՌԴ մշակույթի նախարարության օժանդակությամբ ներկայացնում են այդ երկրի ազգային թատերական փառատոնը, «CoolСonnections» արթ-ընկերությունը, յուրահատուկ թատերական ձեռնարկ է, որը նպատակ ունի ռուսաստանյան առավել վառ բեմադրությունները ներկայացնել հնարավորինս առավել մեծ լսարանի: Այս ծրագրի միջոցով, փաստորեն, փառատոնում երկրի առաջատար թատրոնների մրցույթին մասնակցող լավագույն բեմադրությունները հասանելի կդառնան, նույնիսկ, ամենահեռավոր տարածաշրջանների թատերասերներին:

Ներկայացումների հեռարձակումներից առաջ թատրոնի և բալետի հայտնի արտիստները կինոհանդիսատեսներին կծանոթացնեն թատրոնների անդրկուլիսներին, ցուցադրվելիք ներկայացման և համապատասխան թատրոնի պատմությանը, հարցազրույցներ կանցկացնեն բեմադրությունում ընդգրկված արտիստների հետ:

Թատրոնի ամենագրավիչ կողմերից մեկը դերասան-հանդիսատես անմիջական շփման հնարավորությունն է, նույն թատերական տարածքում նույն պահին միևնույն գործողության հետ երկու կողմերի միջև ձևավորված ակտիվ հաղորդակցման առկայությունը:

«Ոսկե դիմակը կինոյում» նախագծի հանդիսատեսները թատերական գործողության մասնակցի պատրանքը և զգացումը հնարավորություն կունենան վերապրել միաժամանակ՝ բոլոր նրանց հետ, ովքեր հենց այդ նույն պահին նստած են թատրոնի դահլիճում:
    Դիտվել է 837 անգամ