Կմեկնարկի երիտասարդ թատերական գործիչների ֆորումը
11.19.2015

Ֆորումը կշարունակվի 8 օր, որի ընթացքում կցուցադրվի 14 ներկայացում, որոնք պատրաստել են 13 մասնակից երկրների երիտասարդ արտիստները: Ի դեպ, դրանցից մեկը՝ չեխովյան «Ճայը», որ կներկայացնեն տանտերերը՝ Բելոռուսիայի երիտասարդական թատրոնի արտիստները, արտամրցույթային է: Իսկ մրցույթին մասնակցող 13 բեմադրությունները ներկայացնում են, ինչպես համաշխարհային դասական, այնպես էլ՝ ազգային հեղինակների ստեղծագործություններ:
Ֆորումի ընթացքում կբացվի նաև երիտասարդ սցենոգրաֆների աշխատանքների ցուցահանդես, կանցկացվեն սեմինարներ ռեժիսորների, դրամատուրգների և թատերական քննադատների համար:
Ֆորումը կավարտվի նոյեմբերի 26-ին՝ հաղթողների պարգևատրմամբ:
Այս միջոցառումն անցկացվում է ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Ներկայացումների ցուցադրությունների համար ֆորումի մասնակիցների տրամադրության տակ են Բելոռուսի մայրաքաղաքի բոլոր գլխավոր բեմահարթակները:
Ավելացնենք, որ Հայաստանը ֆորումում ներկայանում է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի երիտասարդ ռեժիսոր Գոռ Մարգարյանի «Մեղրի համը» բեմադրությամբ: