Մեկնարկեց Թատերական ռեժիսուրայի X հանրապետական փառատոնը
11.22.2016

Երիտասարդ թատերական ռեժիսուրայի հանրապետական փառատոնը հիմնադրել է Հայաստանի թատերական գործիչների միությունը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի նախաձեռնությամբ՝ 2006թ.-ին:
Փառատոնի գլխավոր նպատակն է ներկայացնել երիտասարդ ռեժիսորների գործեր, բացահայտել նոր անուններ, ինչպես նաև պատկերացում կազմել արդի թատրոնի երիտասարդ ռեժիսորների ստեղծագործական նախասիրությունների մասին:
Երիտասարդ թատերական ռեժիսուրայի հանրապետական փառատոնին ներկայացվում են այն աշխատանքները, որոնք բեմադրվել են նախորդ թատերաշրջանում: Յուրաքանչյուր ներկայացումից հետո, ըստ փառատոնի ձևաչափի կանցկացվեն քննարկումներ:
Թատերական ռեժիսուրայի X հանրապետական փառատոնի աշխատանքներին մասնակցում են նաև Մոսկվայից ժամանած փորձագետներ` Մոսկվայի Մեյերհոլդի կենտրոնի ղեկավար Վիկտոր Ռիժակովի գլխավորությամբ:
Ռուսաստանցի հյուրերը այս ստուգատեսի ընթացքում կընտրեն ներկայացում Մոսկվայի թատերական միությունների միջազգային կոնֆեդերացիայի՝ ԱՊՀ, Մերձբալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական ֆորումին մասնակցելու համար, որը կկայանա 2017թ. ամռանը` Ալմաթի քաղաքում (Ղազախստան):
Ավելացնենք, որ փառատոնը, որի աշխատանքները կեզրափակվեն նոյեմբերի 25-ին, անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: