Պատերազմի թեման տեղափոխվել է պրոֆեսիոնալ հարթակ
12.14.2016

Մոսկվայի Մալայա Բրոննայա թատրոնի փոքր բեմում այսօր կներկայացնեն «Իշխանուհի Մարյա» ներկայացումը՝ ըստ Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
Ռեժիսոր Սերգեյ Պոսելսկիի այս աշխատանքը, որ իրականացվել է ուսումնական բեմում ստեղծված և երեք տարի շարունակ ցուցադրված դիպլոմային բեմադրության հիման վրա, ներկայացնում է հայտնի վեպի մի քանի դրվագներ: Դրանք հիմնականում արտացոլում են Տոլստոյի նկարագրած տեսարանների վրա վեպի հերոսուհիներից մեկի՝ իշխանուհի Մարյա Բոլկոնսկայայի դիտանկյունը:
Դերակատարները հիմնակնում ուսանողական թատրոնից Մալայա Բրոննայա թատրոնում աշխատանքի անցած երիտասարդ դերասաններն են, որոնք իրենց հաջողված աշխատանքը շարունակում են ցուցադրել արդեն պրոֆեսիոնալ բեմահարթակից:
Խոսելով ներկայացման մեջ ընդգրկված երիտասարդ դերասանների մասին ռեժիսոր Սերգեյ Պոսելսկին նշել է, որ 20 տարեկանը նոր անցած արտիստներն առանց գրիմի և մյուս միջոցներին դիմելու կարողացել են խնդիրը լուծել և մարմնավորել Տոլստոյի նկարագրած հեռավոր ժամանակների հերոսներին:
Խաղալ 19-րդ դարի կերպարները ջինսե տաբաթով ու կիսաշրջազգեստով հեշտ խնդիր չէ: Սակայն դա էպատաժի համար արված ռեժիսորական հնարք չէ, այլ պայմանականություն և ոճ:
Իսկ թե ինչու՞ է գլխավոր հերոս ընտրվել իշխանուհի Բալկոնսկայան, ռեժիսորը հիմնավորում է այն մոտեցմամբ, որ այդ կերպարը ինչ-որ ձևով « միշտ հայտնվում էր գլխավոր կերպարների ստվերում: Այնինչ, նրա միջոցով Լև Նիկոլաևիչը ցանկանում էր շատ բան ասել, ծայրահեղ դեպքում, նա այդ հերոսուհուն ստեղծել էր իր մոր կերպարից, որը մահացել էր, երբ Լև Նիկոլաևիչը 2 տարեկան էր: Նա ոչինչ չէր հիշում: Սակայն սիրո և կանացիության այդ իդեալը նրա մեջ պահպանվում էր,- նշել է Պոսելսկին:
Իսկ դերասանուհի Յուլիանա Սոպոլևան ընդգծել է, որ իրենց նպատակը եղել է պատերազմը կնոջ աչքերով ներկայացնելը: Ինչպե՞ս է այդ ամենը երևում նրա տեսանկյունից: Իշխանուհի Մարյան ասում է. «Ես չէի հասկանում պատերազմի նշանակությունը»: Եվ ընդհանրապես, ինչու՞ են մարդիկ անցնում հսկայական տարածություններ, որպեսզի սպանեն իրենց նմաններին: