Կոնչալովսկին Դոստոևսկուն դարձրել է երգեհոն նվագող (Շարմանշչիկ)
06.08.2017

Այս գործին կոմպոզիտոր Էդուարդ Արտեմևը ձեռնամուխ է եղել ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկու խնդրանքով, ով էլ կրկին անդրադարձ է կատարում իր վաղեմի ցանկության արգասիքին:
Այսօրվա ներկայացումը շատ է տարբերվում երեք ու կես տասնամյակ ներկայացվածից: Նախ, որ նոր մյուզիքլի խորեոգրաֆները հրավիրվել են ԱՄՆ-ից, իսկ դեկորացիաները ստեղծվել են Լոնդոնում: Ներկայացման չորս ժամանոց պարտիտուրը զգալիորեն կրճատվել է և հարմարեցվել ժամանակակից հանդիսատեսի ընկալումներին: Սյուժեից հեռացվել են զուգահեռ զարգացող թեմաները և երկրորդական հերոսները: Դեպքերը տեղի են ունենում ոչ թե դասականի ներկայացրած ժամանակներում, այլ 21-րդ դարում:
«Մենք փոխել ենք հայեցակարգը և գործողությունը տեղափոխել ենք նոր ժամանակներ, որոնք կտեղավորվեն և երեկվա, և այսօրվա, և վաղվա մեջ: Մենք կցանկանայինք ճանապարհորդել ժամանակի մեջ,- ասում է Անդրեյ Կոնչալովսկին:
Ռասկոլնիկովը ներկայացման մեջ կերտված է առավել կոշտ բնավորությամբ և առանձնահատկություններով: Նա այստեղ հանդես չի գալիս «վախից դողացող անասունի կամ իրավունք ունեցողի» երկմտանքով այլ ավելի շուտ երևում է որպես գոյություն ունեցող աշխարհակարգի հետ չհամաձայնվող մեկը: Նրա սենյակում պատին փակցված է Լենինի նկարը, իսկ մահճակալի տակ Նիցշեի հատորյակը: Պառավը, որին մարմնավորում է տղամարդ դերասան (Անտոն Անոսով), Սանկտ-Պետերբուրգում, մետրոյի «Երկնագույն հրապարակ» կայարանի մոտ ունի առևտրի փոքրիկ տաղավար, տոկոսով փող է հատկացնում և զբաղվում է կավատությամբ:
Կոնչալովսկու մոտ «Երկնագույն հրապարակ»-ը 1990-ականների Ռուսաստանի խորհրդանիշն է, որտեղ «հերթապահում են» գունաներկված կանայք, ողորմություն են խնդրում աֆղանական պատերազմի վետերանները... Ինչպես և Դոստոևսկու մոտ, այս մյուզիքլը նվիրված է սոցիումի հիմնախնդիրներին և հարստացածների ամենակարողությանն ու ամենաթողությանը...
Մյուզիքլում ներկա է նաև հենց ինքը՝ Ֆյոդոր Դոստոևսկին: Նա ձեռքի երգեհոն նվագող է: Մի խոսքով սա մյուզիքլ է, որը ոչ թե վերարտադրում է «Ոճիր և պատիժ» վեպը, այլ այդ անմահ ստեղծագործության մոտիվներով յուրահատուկ մի կարծիք է դրսևորում: