Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Օթելլոն» և «Սիրանո դը Բերժերակը» կմիաձուլվեն որպես մեկ մյուզիքլ

09.26.2017


Ամերիկյան «Դիսնեյ» ընկերությունը նախապատրաստում է մի հետաքրքրական մյուզիքլ, որտեղ իրար են միացված սիրո և խանդի մասին համաշխարհային դասական գրականության երկու գործ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «thr.ru»-ին:

Այս յուրահատուկ նախագծի սցենարը գրում է օսկարակիր Թարելլ ՄքՔրեյնը: Նախագիծը ստացել է «Մավր Սիրանո» անվանումը և ըստ մտահղացման միմյանց է ձուլելու համաշխարհային գրական երկու գլուխգործոցներ՝ Ուիլյամ Շեքսպիրի «Օթելլոն» և Էդմոն Ռոսթանի «Սիրանո դը Բերժերակը»:

Մյուզիքլի գործողությունները պետք է տեղի ունենան Անգլիայի Բրիստոլի տարածաշրջանում՝ 19-րդ դարում:
Ուիլյամ Շեքսպիրի «Օթելլո, Վենետիկի մավրը» ողբերգությունը պատմում է մի զորավարի մասին, որը խանդից խենթանում է և խեղդում է իր կնոջը՝ Դեզդեմոնային:

Էդմոն Ռոսթանի պիեսի հերոսը՝ Սիրանո դը Բերժերակը , որը տաղանդավոր և աներևակայելի մեծ քթով մարդ է, սարսափելի տառապում է իր դեմքի այդ անհամամասնության պատճառով: Միայն «քիթ» բառը լսելն իսկ բավական է, որ նա զրուցակցին հրավիրի մենամարտի: Իր այդ «ֆիզիկական թերության» պատճառով նա վախենում է բացահայտել իր սերը Ռոքսանայի նկատմամբ:

Մի անգամ աղջիկը խոստովանում է, որ իր սիրտը գերել է գեղեցիկ Քրիստիանը, որը ընդունվելու է այն գասկոնացիների զորաբանակ, որտեղ ծառայում է Սիրանոն: Սակայն Ռոքսանան վախենում է, որ Քրիստիանի գեղեցիկ դեմքի տակ թաքնված է անտաշ ու հիմարի մեկը: Ծանոթանալով այդ երիտասարդի հետ, Սիրանոն տեսնում է, որ նա թեև բարի, համարձակ և ազնիվ է, սակայն ունակ չէ սիրո համար երկնքից աստղեր իջեցնել: Եվ նա որոշում է Քրիստիանի գեղեցիկ դեմքին ավելացնել սեփական հոգևոր ու մտավոր հարուստ ներաշխարհի նկարագիրը:

Այս երկու դասական գործերը հանրահայտ են աշխարհում: Սակայն նախագծի հեղինակները հույս ունեն իրենց նոր մյուզիքլը հասցնել այնպիսի գեղարվեստական մակարդակի ինչպիսիք «Դիսնեյ» ստուդիայի թողարկած հանրահայտ «Մոխրոտը» և «Գեղեցկուհին ու հրեշը» գործերն են:
    Դիտվել է 1146 անգամ