Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Հայֆեստ-2017»-ում իր ծրագիրն է մեկնարկում Կատարողական արվեստի միջազգային ցանցը

10.05.2017


Երևանում այսօր կմեկնարկի Կատարողական արվեստի միջազգային ցանցի (IETM-ի) «Քարավան Թբիլիսի-Երևան 2017» հանդիպումը: Այն նպատակ ունի նպաստելու հայ ժամանակակից կատարողական արվեստի զարգացմանը, ինչպես նաև ընտրելու գործընկերներ հետագա համագործակցության համար: Միջոցառումն անցկացվում է հոկտեմբերի 1-ին Երևանում մեկնարկած «Հայֆեստ» թատերական միջազգային ծրագրի շրջանակներում:

«Հայֆեստ-2017»-ը մեկնարկել է Սուխումի քաղաքի դրամատիկական թատրոնի «Յակիշ և Պուպչե» ներկայացմամբ, որը ժանրային առումով կարելի է բնութագրել որպես «մռայլ կատակերգություն տգեղ ու աղքատ Յակիշի և «գրավչությամբ» նրան ոչնչով չզիջող Պուպչեի ամուսնության մասին: Հանո Լևինի հեղինակած պիեսի բեմադրությունը ռեժիսոր Դավիթ Սակվարալիձեն սկսում է այն պահից, երբ այս երկուսի հարազատները պարզում են, որ նրանք չեն կարող իրականացնել մահկանացուների առաջ դրված «եղիր բեղմնավոր և բազմացիր» աստվածային պատվիրանը:

Հուսահատ զույգը փորձում է ելք գտնել...

Այս տարի «Հայֆեստը» կրում է «We are 15 years young» («Մենք 15 տարեկան երիտասարդ ենք») խորագիրը: Այն Երևանում հյուրընկալել է 20 երկրից ժամանած 250 մասնակիցների և հյուրերի՝ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Իտալիայից, Բուլղարիայից, Շվեդիայից, Լեհաստանից, Իսրայելից, Գերմանիայից, Հունաստանից, Ղազախստանից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից:

Ըստ փառատոնի ծրագրի երևանյան 12 բեմահարթակներում, ընդհանուր առմամբ, կցուցադրվի 50 բազմաժանր ներկայացում, այդ թվում՝ դրամատիկական,երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:

Անշուշտ կլինեն հյուրերի մասնակցությամբ վարպետության դասընթացներ: «Հայֆեստ-2017»-ը կեզրափակվի հոկտեմբերի 8-ին:

Նշենք, որ փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
    Դիտվել է 1044 անգամ