Սկզբում գնիր տոմս, հետո՝ նոր ներկայացման ակնկալիքներ փայփայիր
10.26.2017

Նրա ղեկավարությամբ գործող թատրոնը գտնվում է Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնը պարագծող Սադովոյե կալցոյից դուրս: Այն իր գործունեության առանձնահատկություններով և, նույնիսկ, ճակատագրով ավելի շատ համեմատելի է գավառում գործող թատրոնների հետ և, ըստ էության քիչ ընդհանություններ ունի մայրաքաղաքի նշանավոր օղակաձև փողոցի ներսում իրենց տեղն ունեցողների համեմատությամբ:
Նոր դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը բողոքում է, որ դրսում հանդես գալու հնարավորություն ունենալը բավականին բարդ է: Որպեսզի ֆինանսավորում ստանան նախ պետք է կարողանան ընդգրկվել հյուրախաղերի պետական ծրագրի մեջ: Իսկ սեփական ուժերով թատերախմբին քաղաքից դուրս տանելը իրատեսական չէ:
Դոլգոչյովը նշում է, որ նախկինում այդ խնդիրն այլ կերպ էր լուծվում, քանի որ հյուրախաղերը ֆինանսավորում էր պետությունը, իսկ այսօր դա արտոնված է միայն ընտրյալ թատրոններին: Մյուս թատրոնները պարզապես արտագնա ելույթների մեկնելու և դրամ աշխատելու հնարավորություն չունեն:
Թատրոնի ղեկավարը այս անելանելի վիճակից դուրս գալու համար ելքը տեսնում է շատ յուրահատուկ լուծման մեջ:
Նրանք որոշել են այսուհետ յուրաքանչյուր նոր ներկայացում պատրաստել հանդիսատեսների ֆինանսավորմամբ: Տեխնալոգիան շատ պարզ է: Սկզբում հայտարարվում է պատրաստվող նոր ներկայացման մասին և դրա համար կազմակերպվում է տոմսերի վաճառք: Երբ անհրաժեշտ քանակով տոմսերը վաճառվում են և բեմադրության համար ձևավորվում է անհրաժեշտ ֆինանսական հիմք, սկսում են ներկայացումը պատրաստելու ուղղությամբ աշխատանքները: Այդ եղանակով մինչև տարեվերջ նրանք հույս ունեն, օրինակ, բեմադրելու մանկական «Մորոզկո» նոր մյուզիքլը: