Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արժանացել է պատվավոր մրցանակի, բայց կստանա, «երբ դա հնարավոր կլինի»

12.18.2017


Կիրակի, դեկտեմբերի 17-ին, Հռոմում 16-րդ անգամ կայացավ «Եվրոպան՝ թատրոնին» մրցանակաբաշխությունը: Հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվեց, որ «Նոր թատերական իրողություն» անվանակարգում մրցանակը շնորհվում է Մոսկվայի «Գոգոլ կենտրոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովին, որը դատարանի որոշմամբ գտնվում է տնային կալանքում:

«Իհարկե մեզ համար շատ ցավալի է, որ... ռուսաստանցի դափնեկիրը բացակայում է»,- հայտարարել է մրցանակաբաշխության գլխավոր քարտուղար Ալեսսանդրո Մարթինեզը:

Ըստ մրցանակաբաշխության կանոնների, դափնեկիրներին եվրոպական թատերական մրցանակը պետք է հանձնվի անձամբ:
«Մեր 30-ամյա պատմության ընթացքում միայն մի քանի անգամ է եղել, որ մրցանակը անձամբ դափնեկիրը չի ստացել: Սովորաբար մենք այդպես չենք անում: Ահա և Սերեբրեննիկովը իր արժանի պարգևը կստանա, երբ դա հնարավոր կլինի: Հուսով եմ, որ դա տեղի կունենա եկող տարի»,- ասել է Մարթինեզը:

Այս տարի եվրոպական թատերական մրցանակների են արժանացել նաև անգլիացի դերասան Ջերեմ Այրոնսը, ֆրանսիացի դերասանուհի Իզաբել Յուփերը:

Եվրոպական թատերական հեղինակավոր մրցանակին տարբեր տարիների արժանացել են արդի թատրոնի այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Փիթեր Բրուքը, Հարոլդ Փինթերը, Յուրի Լյուբիմովը, Ռոբերթ Ուիլսոնը և ուրիշներ:




Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 843 անգամ