Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վարագույրի ներշնչմամբ ծնված Դանիելե Ֆինցի Պասկայի բեմադրությունը

01.13.2018

Այսօր՝ հունվարի 13-ին, Ռուսաստանում, Սանկտ-Պետերբուրգի Տովստոնոգովի անվան Մեծ դրամատիկական թատրոնում մեկնարկում է ժամանակակից համաշխարհային թատերական արվեստի առաջատար գործիչներից մեկի՝ իտալական ծագմամբ շվեյցարացի ռեժիսոր Դանիելե Ֆինցի Պասկայի պատրաստած «La Verita» ներկայացման ցուցադրությունը, ոըը նվրված է համաշխարհային գեղանկարչության մեջ սյուրռեալզմի խոշորագույն ներկայացուցիչ Սալվադոր Դալիին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Մի առիթով Ֆինցի Պասկան խոստովանել է, որ այդ ներկայացման վրա սկսել է աշխատել այն բանից հետո, երբ Նյու-Յորքի Մետրոպոլիտեն օպերայում տեսել է «Խելակորույս Տրիստանը» բալետի համար 1940-ականներին նշանավոր նկարչի նկարազարդած վարագույրը:

«Մոտ յոթ տարի առաջ մի հիմնադրամ, որն օժանդակում է արվեստին, գտել է վարագույրը, որը նկարազարդել է Սալվադոր Դալին և այն վերականգնել է... Հիմնադրամը ցանկանում էր այդ վարագույրին կյանք հաղորդել, այսինքն, ոչ թե այն տեղադրել թանգարանում, այլ կյանք ներշնչել, որպես թատերական վարագույր: Այդ պատճառով նրանք հանդիպեցին մեզ և առաջարկեցին նայել այդ վարագույրը.... Այդպես մենք հասանք Դալիին և նրա աշխարհին»,- ասել է ռեժիսորը և նշել, որ դրանից հետո իրենք խորությամբ ուսումնասիրել են նկարչի արվեստը և հատկապես նրա կյանքի վերջին շրջանը...

Ֆինցի Պասկան տեղեկացրել է, որ «La Verita» -ի համաշխարհային պրեմիերան եղել է 2013թ.-ին, բայց ժամանակի ընթացքում ներկայացումը ավելի ու ավելի լավն է դառնում:

«Մեր յուրաքանչյուր հյուրախաղերի ժամանակ մենք շաբաթական, նվազագույնը, 20 ժամ փորձեր ենք անում: Ողջ ժամանակ մենք հղկում ենք, մաքրում ենք ինչ-որ բան, ինչ-որ բան դարձնում ենք առավել քիչ ծանրաքարշ, ավելի թեթև: Ներկայացումը միշտ կենդանի է և վաղը դու այն կարող ես անել ավելի լավը, դարձնել ավելի բարելավված»,- նշել է Ֆինցի Պասկան:

Այս ներկայացմամբ նրա թատերախումբը հանդես է եկել 56 երկրներում: Ռուսաստանում հանդես է գալիս առաջին անգամ: Ի դեպ, ներկայացման մեջ կա դրվագ, որտեղ հնչում է ռուսերեն խոսք:

«Ներկայացումն ուղեկցվում է սուբտիտրերով: Բայց ես կբացեմ ոչ մեծ գաղտնիք՝ Անդրեյ Մոգուչիի (Տովստոնոգովի թատրոնի գեղարվեստական ղեկավարի-խմբ,.) պատվին մենք որոշեցինք մի քիչ ռուսաց լեզու սովորել: Ներկայացման մեջ մի քանի արտահայտություն կհնչեն ռուսերեն»,- ասել է շվեյցարացի ռեժիսորը և ավելացրել, որ «եթե այն մեր մայրենի լեզուն չէ, մենք ձգտում ենք սովորել ինչ-որ բան, որպեսզի ավելի մոտ լինենք»:




Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 1013 անգամ