Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Միջազգային փառատոն «ռազմավարական նշանակության» ոլորտում

06.05.2018

Այսօր, հունիսի 5-ին, Ռուսաստանի Մեծ թատրոնում կմեկնարկի «Benois de la Danse-2018» («Բենուա դ՝լա դանս-2018») բալետի միջազգային փառատոնը, որի նոմինանտների և հրավիրյալների թվում են նաև աշխարհի առաջատար բալետային 22 ընկերությունների առաջատար աստղեր: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «allfest.ru»-ին:

Փառատոնը կընթանա երկու օր: Այսօր երեկոյան տեղի կունենա գալա-համերգ, որին կմասնակցեն 2018թ.-ի մրցանակի թեկնածուները: Ապա կկայանա պարգևների հանձնումը հաղթողներին:

Այս տարվա մրցանակաբաշխության արարողությանը մասնակցում են բալետի աշխարհի այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Սիլվի Գիլեմը, Նատալիա Մակարովան, Թամարա Ռոխոն և ուրիշներ:

Փառատոնի հաջորդ օրը, հունիսի 6-ին կայանալիք մասն ունի «Նվիրվում է Պետիպային: Դասականը՝ ժամանակակից խորեոգրաֆների աչքերով» ենթավերնագիրը:

Այդ երեկո նույնպես կկայանա գալա-համերգ, որին, սակայն, կմասնակցեն «Benois de la Danse»-ի տարբեր տարիների մրցանակակիրները: Հիմնականում կներկայացվեն Ռուսական բալետի ֆրանսիացի մեծագույն խորեոգրաֆի բեմադրած դասական գործերից դրվագներ, և այնպիսիք, որոնք կատարվում են նաև այսօր:

«Benois de la Danse» փառատոնը բալետի ոլորտում ունի նույն համբավը, ինչ կինեմատոգրաֆիայում ամերիկյան «Օսկարը»: Այն շնորհվում է անցած մեկ տարվա ընթացքում խորեոգրաֆիայի ոլորտում կատարած նվաճումների համար:

Մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1991թ.-ին՝ Մոսկվայում, Խորեոգրաֆիայի գործիչների միջազգային միության կողմից:

Ավելացնենք, որ փառատոնի բացումից առաջ, այս տարի ժյուրի անդամ դարձած Սանկտ-Պետերբուրգի բալետի թատրոնի հայտնի գեղարվեստական ղեկավար Բորիս Էյֆմանը, խոսելով իր ներկայացրած ոլորտի մասին, նշել է, որ «Բալետը ռազմավարական առումով կարևոր արվեստ է»:

Նա նաև ասել է, որ «Benois de la Danse» փառատոնը «... առաջին մակարդակի բալետային տոն է, որը հավաքում է լավագույն խորեոգրաֆներին, արտիստներին՝ ամբողջ աշխարհից»:
    Դիտվել է 703 անգամ