Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արդյունքում ծնվում է կիսաստված Հերակլեսը...

10.10.2018

Պետերբուրգում ընթացող «Բալթիական տուն» 18-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակներում կայացել է «Vaba Lava» («Ազատ բեմ») թատերական կենտրոնի շնորհանդեսը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rg.ru»-ին:

«Vaba Lava» նախագիծն, ընդհանրապես, մեկնարկել է Էստոնիայի մայրաքաղաք Տալինում՝ 2014թ.-ին: Այն այսօր բավականին հայտնի ծրագիր է, որն իրենից ներկայացնում է մի համակարգ, երբ թատերական կենտրոնը չի ունենում իր սեփական թատերախումբը և ռեժիսորը, բայց զեղջային պայմաններով գործում է ուրիշ կատարողների համար, հատկապես օժանդակելով փոքր և մասնավոր թատրոններին՝ նրանց վարձով տրամադրելով շենքային պայմաններ:

«Vaba Lava» նախագծի շրջանակներում պետերբուրգյան կենտրոնը կգործի էստոնական և ռուսական սահմանամերձ Նարվա քաղաքում: Այն համագործակցություն կծավալի տարբեր երկրների դերասանների և ռեժիսորների՝ առաջին հերթին, անշուշտ, ռուսաստանցիների հետ:

«Բալթիական տուն» 18-րդ միջազգային փառատոնի շրջանակներում այստեղ ցուցադրվել է ռուսաստանցի ռեժիսոր Դամիր Սալիմզյանովի «Հիմա սիրո ժամանակ չկա» բեմադրությունը, որտեղ հիմնականում զբաղված են էստոնացի դերասաններ, որոնց խոսքը ռուսալեզու հանդիսասրահը ունկնդրում է ականջակալներով, իսկ թարգմանչի դերում էլ հանդես է գալիս ներկայացման ռեժիսորը:

Ներկայացումը ռեժիսորի սեփական խոսքերով բրազիլացի հայտնի դրամատուրգ Գիլերմե Ֆիգեյրեդոյի «Տանը գիշերել է Աստված» պիեսի վերաշարադրանքն է, որի հիմքում ընկած է հին հունական լեգենդը Ամֆիտրիոն զորավարի մասին: Այս զինվորականը հունական Թեբե քաղաքի զինվորներին առաջնորդում է թելեբեյցիների ճակատամարտի ժամանակ: Եվ մինչ նա իր սխրանքներն էր գործում մարտադաշտում, Զևս աստվածը գիշերն անցկացնում է նրա կնոջ՝ Ալքմենայի հետ, որի արդյունքում ծնվում է կիսաստված Հերակլեսը:

Ռուսաստանցի ռեժիսորը այս ներկայացման մեջ հիմնական շեշտը դրել է սովորական կյանքային այնպիսի հարցադրումների վրա, ինչպիսիք են՝ տղամարդու խանդը, տղամարդու պարտքը, ամուսնական փոխընբռնումների նրբությունները, կնոջ փառամոլությունը, կարիերայի սանդուղքով բարձրանալը և այլն: Այսպես, արխայիկ ժամանակաշրջանի պատմությունը դառնում է այսօրվա մարդուն հասկանալի և ըմբռնելի:

«Բալթիական տուն» 18-րդ միջազգային թատերական փառատոնը մեկնարկել է հոկտեմբերի 2-ին և կեզրափակվի հոկտեմբերի 13-ին:

    Դիտվել է 724 անգամ