Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեժիսորի կարծիքով «Նրանք կարող են քայլել քնի և իրականության միջև»

10.23.2019


Սանկտ-Պետերբուրգի Տովստոնոգովի անվան Մեծ դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Անդրեյ Մոգուչին Մոսկվայի Ազգությունների թատրոնում նախապատրաստում է և շուտով հանդիսատեսի դատին կհանձնի «Հեքիաթ վերջին հրեշտակի մասին» ներկայացումը, որի համար հիմք են ծառայել ռուսական ժամանակակից գրականության հայտնի դեմքերից մեկի՝ ֆիզիկամաթեմատիկական գիտություների դոկտոր, ակադեմիկոս Ռոման Միխայլովի պատմվածքները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Ներկայացման գործողությունները տեղի են ունենում 1990-ական թվականներին:

«Ռոման Միխայլովի պատմվածքներում կա ճշմարտության և մաքրության լիցք: Նրա հերոսները միամիտ են, տարօրինակ, «գաղտնիքների մարդիկ»,- իր նոր աշխատանքի գրական հենքի մասին խոսելով նշել է Անդրեյ Մոգուչին:

Միխայիլովի հերոսները ապրում են այն նույն միջավայրում, ինչ-որ ժամանակակից ռուսաստանցիները: Սակայն այդ հերոսներն ունեն հատուկ դիտանկյուն: Նրանք աշխարհը տեսնում են ոչ այնպես, ինչպես շատ-շատերը: Նրանք շրջապատն ընկալում են ամբողջականորեն, բաց, իրական: Նրանք կարող են քայլել քնի և իրականության միջև գտնվող անտեսանելի արահետներով, խոսել երկնքի հետ, լսել խոտի և քամու ձայները: Շնորհիվ այդ ունակության նրանք կարողանում են ամբողջանալ բնության հետ, լինել ճիշտ ինչպես իսկական երեխաները, նրանք կարող են փոխել այն, որը առօրյայի մեջ ապրողները անվանում են «իրականություն»:

«Նրանք իրոք կարող են փրկել աշխարհն իրենց անկեղծությամբ և սիրով»,- ընդգծել է Մոգուչին:

Այս ներկայացման համար որպես գրական հենք ռեժիսորն օգտագործել է նաև կինոյի ոլորտի ներկայացուցիչներ Պյոտր Լուցիկի և Ալեքսեյ Սամորյադովի հեղինակած մի պատմվածք, որի գլխավոր հերոսը մի դիպվածով հայտնվում է հոգեբուժարանում, որտեղ ձեռք է բերում իսկական ընկերներ և հնարավորություն է ստանում փոխելու սեփական կյանքի ընթացքը:

Ասենք, որ ներկայացման մեջ գլխավոր կերպարներից մեկը կատարում է Լիա Ախեջակովան, որին հայ հանդիսատեսը կհիշի նաև հայտնի «Ծառայողական սիրավեպ» կինոնկարից: Էլդար Ռյազանովի այդ ֆիլմում դերասանուհին կատարում է ապահովագրական գործակալության ղեկավարի քարտուղարուհու դերը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 601 անգամ