Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Օսկարաս Կորշունովասը գտել է «Ճայի» նոր բանաձևը

01.21.2020


Ժամանակակից լիտվական թատրոնի հեղինակություններից մեկը՝ Օսկարաս Կորշունովասը մոտ օրերս Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում (МХТ) կներկայացնի «Ճայը» պիեսի սեփական մեկնաբանությունը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

«Նա ժամանակակից ամենահետաքրքիր ռեժիսորներից է: Նա շատ է աշխատում Եվրոպայում և միշտ երազում էր Գեղարվեստական թատրոնում բեմադրել «Ճայը»: Ես կարծում եմ, որ այսպիսի վարպետի հետ հանդիպումը հաջողություն է դերասանների ու հանդիսատեսի համար»,- իր օտարերկրյա գործընկերոջ մասին նշել է МХТ-ի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ժենովաչը:

Լիտվացի արվեստագետի աշխատանքի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնում է այն, որ Օսկարաս Կորշունովասը Ռուսաստանում նախկինում բեմադրել է միայն երկու ներկայացում՝ Մոսկվայի «Et Сetera» թատրոնում Սուխովո-Կոբիլինի «Տարելկինի մահը»(2005թ.) և Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնում Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը (2010թ.) պիեսները:

«Կորշունովասը կարծում է. որ թատրոնը պետք է ոչ թե պարզապես արտացոլի ներկան, այլև առաջ անցնի ժամանակից: Նրա «Ճայը» բեմադրության մեջ չկա պատմականության շղարշ: Սա տրագիկոմեդիա է սերունդների մասին, սա թատրոն է առանց ձևականության, որի մեջ սկանդինավյան ճարտարապետությանը և ցուրտ հյուսիսային բնությանը հղում անող լակոնիկ ձևավորումը համադրվում է հերոսների սրված, պայթյունալից զգացմունքների դրսևորումների հետ»,- նշված է МХТ-ի տարածած մամլո հաղորդագության մեջ:

Ըստ այդ տեղեկատվության, Կորշունովասը այս ներկայացմամբ առաջ է քաշում «Ճայի» նոր բանաձև, որը բանաձև է նաև մեր ժամանակաների համար:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 669 անգամ