«Ոսկե դիմակում» գործողությունները կարող են կատարվել «տառացիորեն նաև հանդիսատեսի գլխում»
01.29.2020
Սա թվով 26-րդ «Ոսկե դիմակն» է: Փառատոնը հունվարի 25-ին բացելու պատիվը տրվել է Մոսկվայի Ազգությունների թատրոնի «Ստիլյագներ» մյուզիքլին:
Իսկ ընդհանրապես մրցութային ծրագրով կարելի է կարծիք ձևավորել, թե ինչպիսի ընթացք ու զարգացման միտումներ կունենա ռուսական թատրոնն ընթացիկ տարում:
«Այսօր մեր մրցույթում կողք-կողքի հանդես են գալիս ավանդական ձևերի և փորձարարական ներկայացումներ: Երբեմն դերասանների փոխարեն կարող են լինել, օրինակ, իսկական դատախազներ, դատավորներ կամ անտուն թափառաշրջիկներ»,- հայտարարել է փառատոնի գլխավոր տնօրեն Մարիա Ռևյակինան: Նա նաև նշել է, որ կան այնպիսի բեմադրություններ, որոնց գործողությունները տեղի են ունենում անսովոր տարածություններում, երբեմն տառացիորեն նաև հանդիսատեսի գլխում՝ երբ ներկայացումն ընթանում է ականջակալներում կամ վիրտուալ իրականություն տեղափոխող ակնոցների միջոցով:
Մոսկվայում փառատոնը կեզրափակվի ապրիլի 15-ին, «Զարյադիե» համերգային դահլիճում:
Փառատոնի ընթացքը իր մեջ է ներառում նաև մարտի 27-ը, որն ամբողջ աշխարհում նշվում է, որպես թատրոնի միջազգային օր: Այդ առթիվ, փառատոնի շրջանակներում Ռուսաստանի Մեծ թատրոնի Բեթհովենյան դահլիճում կկայանա «Ոսկե դիմակի» հատուկ մրցանակաբաշխության արարողությունը, որի ժամանակ այդ պատվավոր մրցանակի «Թատերական արվեստը զարգացնելու նշանակալից ավանդի համար» անվանակարգում կպարգևատրվեն ռուսաստանցի մի խումբ վաստակաշատ արտիստներ և թատերական գործիչներ:
«Ոսկե դիմակ» փառատոնը հիմնադրվել է 1993թ.-ին: Այն թատերական ոլորտի մասնագիտական մրցույթ է, որի ընթացքում առանձնացվում և մրցանակներ են շնորհվում թատերաշրջանի լավագույն գործերին՝ դրամայի, օպերայի, բալետի, ժամանակակից պարի, օպերետ/մյուզիքլի, տիկնիկային թատրոնի բնագավառներում:
Փառատոնն անցկացվում է ՌԴ Մշակույթի նախարարության օժանդակությամբ: