Դերասանուհին վախեցել է հանդիսասրահի նստատեղերի դատարկ շարքերից
11.24.2020

Ռուսաստանի մշակույթի նախարարի հրամանով նոյեմբերի 16-ից Մոսկվայի թատրոնների հանդիսասրահները թույլատրվել է լցնել միայն դրանց տարողության 25 տոկոսով: Մշակութային գերատեսչության այդ նոր պահանջը շատ դերասանների համար դարձել է լուրջ փորձության պատճառ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Օրինակ, Ռուսաստանի մայրաքաղաքի առաջատար «Փոքր թատրոնի» դերասանուհի Իրինա Մուրավյովան, որը սովոր է խաղալ միայն անշլագ ձևավորած հանդիսասրահում, «Ամեն մի իմաստունի վրա բավականաչափ պարզություն կա» ներկայացման վերջերս կայացած 400-րդ ցուցադրության ժամանակ ուղղակի վախեցել է հանդիսասրահի դատարկ շարքերից:
Առաջին անգամ այդ պայմաններում խաղացող դերասանուհին հիշում է, որ դուրս գալով նախաբեմ և տեսնելով նստատեղերի գրեթե դատարկ շարքերը, բառերն արտաբերել է հիստերիկ, գրեթե գոռալով:
«Թվում էր դահլիճում ոչ-ոք չկա: Տարօրինակ իրավիճակ էր, իհարկե; Ժողովուրդ չկա: Դերասանները խաղում են: Սակայն մենք ցույց էինք տալիս, որ ամեն ինչ կարգին է»,- նշել է Մուրավյովան:
Ավելացնենք, որ նոյեմբերի 4-ից «Փոքր թատրոնում» Իրինա Մուրավյովայի մասնակցությամբ նախապատրաստվում է «Մեռած հոգիները» ներկայացումը, որտեղ նա կմարմնավորի Կորոբոչկայի կերպարը:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: