Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երաժիշտը, որը տուն է վարձել գերեզմանատան հարևանությամբ

10.11.2021

Ռուսաստանի պետական գրադարանը և էլի մի շարք կազմակերպություններ հանդես են եկել թատերական նախաձեռնությամբ, որի նպատակն է բեմամախաղ ներկայացնել փոքր դահլիճում այն հաշվարկով, որ ավելի մոտեցվի դերասանի և հանդիսատեսի միջև շփումն ու հաղորդակցությունը։ Այդ մասին տեղեկացնում է «․taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Այդ նախագծի շրջանակներում գրադարանում առաջինը կներկայացվի Կալինինգրադ քաղաքի մարզային երաժշտական թատրոնի «ԱնտիՎագներ» մենաներկայացումը՝ ըստ ռուսաստանցի դրամատուրգ Օլգա Բալիչևայի պիեսի։

Այս ստեղծագործությունը «Մոնոդրամա֊2019» միջազգային փառատոնի մրցանակակիրներից է, որի կազմակերպիչների թվում է նաև մոսկովյան այս գրադարանը։
Բեռլինում բանակի զորակոչից թաքնվող Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունից արտագաղթած երաժիշտը փողոցային մի սրճարանում հարցազրույց է տալիս ինչ֊որ անհայտ մարդկանց։ Ովքեր են այդ մարդիկ և ով է ինքը։Երաժիշտը հացի փող է վաստակում՝ ակորդեոնով հանդես գալով փողոցում։ Նա մի տարօրինակ տուն է վարձել գերեզմանատան հարևանությամբ և դատողություններ է անում երաժշտության մասին՝ հաղորդակցվելով հանգուցյալի հետ։ Բացի այդ, այդ երաժիշտը տեսնում է մարգարեական երազներ։

Նրա երաժշտությունը ազդում է մարդկանց վրա՝ ստիպելով կատարել տարօրինակ արարքներ։ Բարի՞ է, թե՞ չար այդ ամենը աշխարհի համար։ Եվ ինչու՞ են փողոցային երաժիշտով հետաքրքրվում հատուկ ծառայությունները․․․

Ներկայացման ռեժիսոր Ելենա Կնյազևան այս ստեղծագործության ժանրն անվանել է «case study», որտեղ արտացոլված է կոնկրետ հիմնախնդրային իրավիճակ, գլուխկոտրուկ, որն օգնում է ուսումնասիրել երաժշտություն հորինելու ստեղծագործական գործընթացը։

Ասենք, որ մենաներկայացման համար գրվել է հատուկ երաժշտություն (կոմպոզիտոր՝ Անդրեյ Կորոբկով), որը դարձել է բեմադրության լիարժեք կերպար։ Երաժշտի դերում հանդես է գալիս դերասան Իլյա Ռիխտերը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 423 անգամ