Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տունը վերածում է մահացած սիրելիին նվիրված յուրահատուկ տաճարի

03.30.2022


Մոսկվայի Կոլոբովի անվան «Նոր օպերա» թատրոնը շուտով հանդիսատեսին կներկայացնի ծագումով ավստրիացի ամերիկացի կոմպոզիտոր Էրիխ Վոլֆգանգ Կորնգոլդի «Մեռյալ քաղաք» օպերան, որը ռուսական բեմահարթակ է բարձրացվում առաջին անգամ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով՝ «teatral-online.ru»֊ին։

Ըստ սյուժեի, օպերայի հերոս Պաուլը ողբում է իր կնոջ՝ Մերիի մահը և իրենց տունը վերածում է սիրելիին նվիրված յուրահատուկ տաճարի։

Ներկայացման ռեժիսոր Վասիլի Բարխատովի ընթերցմամբ օպերայի գործողությունները զարգանում են երեք հարթություններում՝ իրականության մեջ, Մերիի հետ ապրած կյանքի և Մարիետայի հետ հանդիպման մասին Պաուլի հիշողություններում։

«Անձնական ողբերգության մեջ մենք միշտ ցանկանում ենք, որպեսզի շրջապատող աշխարհը սգա մեզ հետ միասին։ Երբ դու զգում ես կորուստը, ապա ժամացույցը և տրամվայները անպայման պետք է դադարեն շարժվել․․․ Բայց դրանք, ի հեճուկս քեզ, շարունակում են շարժվել՝ դրանով իսկ, անհարգալից վերաբերմունքով՝ վիրավորելով մեր ներսի ցավը։ Աշխարհը չի ցանկանում քարանալ ի հեճուկս մեր դժբախտության։ Եվ այդ ժամանակ մենք համարժեք չենք արձագանքում նրան՝ մեր մելանխոլիկության զտիչները ծանրացնելով շրջապատող ամենի ինչի վրա»,֊ նշել է օպերայի բեմադրիչը և ընդգծել, որ այպիսի պահերին յուրաքանչյուր քաղաք ցանկանում ես տեսնել բացառապես ողբի մեջ և «մահացած»։

«Նոր օպերա» թատրոնում այս ներկայացման պրեմիերայի համար մշակել են հատուկ բեմադրական և տեխնիկական լուծում։ Գործողությունները պետք է կատարվեն երաժիշտների փոսում կառուցված երկհարկ սրահում։ Նվագախումբը տեղավորվում է այդ սրահի ետևի մասում, բեմի խորքում՝ ձայնն անդրադարձնող ծածկի տակ, որը հնարավորություն է տալիս առանց էլեկտրական ուժեղացուցիչների հավասարակշռել երաժշտական գործիքների և երգիչների ձայնի հնչողությունը։

Կորնգոլդի «Մեռյալ քաղաքը» ստեղծագործությունը պոստռոմանտիզմի նշանավոր գործերից է։ Այն մասսայականություն է ձեռք բերել դեռ կոմպոզիտորի կենդանության օրոք։

Նշենք, որ օպերայի հիմքում ընկած է բելգիացի սիմվոլիստ Ժորժ Ռոթենբախի « Մեռյալ Բրյուգե» վեպի մոտիվներով գրված «Միրաժ» պիեսը։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 319 անգամ