Կուլյաբինը Գերմանիայում ներկայացնում է գերմանացի դասականի պիեսը
10.24.2024

Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերզմից հետո Եվրոպա տեղափոխված ռուսաստանցի ռեժիսոր Տիմոֆեյ Կուլյաբինը նոյեմբերի 3֊ին « Badisches Theater Karlsruhe» թատրոնում գերմանացի հանդիսատեսին կներկայացնի Բրեխթի «Սարսափն ու հուսահատությունը երրորդ կայսրությունում» պիեսի իր մեկնաբանությունը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « oteatre.info»֊ին։
Բրեխթն այդ պիեսը գրել է, երբ գտնվում էր Գերմանիայից հեռու՝ էմիգրացիայում։ Դա մի յուրահատուկ տեղեկագրություն է՝ բաղկացած առանձին տեսարան֊դրվագներից։ Այս ստեղծագործությունն, իր բնօրինակ տարբերակով, կազմված է 24 դրվագներից, սակայն, որպես կանոն, ռեժիսորները սահմանափակվում են դրանց մի մասով։
Բրեխթը ստեղծում է կերպարների և իրադարձությունների հաջորդականություն․ «Զույգը, որը վախենում է, որ որդին կարող է իրենց բացահայտել,֊ նշված է բեմադրության անոնսում։֊ Հրեա կինը, որը կթողնի իր ամուսնուն և կգնա աքսոր, որովհետև հասարակությունը մերժում է ամուսնուն։ Զույգը, որը ականջ է դնում, թե ինչպես է տեղի ունենում հարևանի ձերբակալությունը, որին հենց իրենք էլ մատնել են։ Կամ ընտանիք, որի մահացած որդուն բերում են ցինկե դագաղի մեջ, քանի որ արդեն հնարավոր չէ պարզել մահվան պատճառը»։
Այս օրինակներով Բրեխտը ցուցադրում է, թե ինչպես բռնատիրությունը, տոտալիտար ռեժիմները թափանցում են մարդու ամենօրյա կյանք, նույնիսկ առանձին ընտանիքներ, իրենց են ենթարկում սոցիալական կառույցները և նվաճում նրանց։
Տիմոֆեյ Կուլյաբինը իր բեմադրության մեջ կենտրոնանում է այն բանի վրա, որ համակարգն իրեն է ենթարկում ոչ միայն հասարակության կյանքն ու ապրելակերպը, այլև լեզուն։ Նա գծում է բարձր քարոզչությունից մինչև բացարձակ լռություն ճանապարհը և բևեռվում է բրեխթյան նյութի այժմեականության վրա։
Այս բեմադրությունը Կուլյաբինի առաջին համագործակցությունն է «Badisches Theater Karlsruhe» թատրոնի հետ, իսկ Եվրոպա էմիգրացվելուց հետո սա Բրեխթի նույն ստեղծագործության երկրորդ բեմադրությունն է։ Առաջին անգամ «Սարսափն ու հուսահատությունը երրորդ կայսրությունում» պիեսի հիման վրա մեկ այլ բեմադրություն էլ Կուլյաբինը պատրաստել է 2023թ․֊ին՝ Էստոնիայի «Vene Teater» ռուսական թատրոնում։