Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկայացում, որտեղ գերակայողը թատերախաղի բոլոր բաղադրիչների միասնությունն էր

03.20.2014

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում մարտի 19-ին Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան 11-րդ միջազգային փառատոնի շրջանակներում Հակոբ Ղազանչյանը ներկայացրեց անգլիացի մեծ դրամատուրգի «Լիր արքայի» սեփական մեկնաբանությունը:

Բեմադրությունն աչքի էր ընկնում ընդհանուր պատումի նոր և հետաքրքիր լուծումներով, որտեղ ընդգծվում էր ճակատագրական վճիռներ կայացնելու ժամանակ հապճեպ որոշումներ ընդունելու և դրանց հետևանքների համար պատասխանատվություն կրելու ակունքները սեփական կյանքի փիլոսափայության մեջ փնտրելու անհրաժեշտությունը:

Քո դժբախտության պատճառները նախ և առաջ փնտրիր քո մեջ և, եթե դու սխալ հիմքերի վրա կայացրել ես սխալ վճիռ, միևնույնն է ետ դարձի ճանապարհներիդ ուղեկցող բոլոր հանգամանքները չէ, որ դու ի վիճակի կլինես վերանայել ու գտնել: Լավագույն դեպքում քեզ կմնա մեղքերիդ կողքին ապրելու ընտրության ինչոր մի տարբերակ, սակայն պայմանով, որ դու այլևս չխառնես իշամեղվի բույն հիշեցնող ընչաքաղցության և իշխանատենչության որջը: Գնա,Լիր արքա, և եթե չես ցանկանում թաթախվել աղջիկներիդ ու փեսաներիդ արյունը թափելու ողբերգության մեջ, ծերության հասած քո հանգրվանում հանդարտ դեմք ընդունիր ու թուղթ խաղա կլոր սեղանի շուրջ՝ նստուկիդ տակ զգալով շատերի երազանքի բարձրագույն արժեքը՝ արքայական գահը:

Ներկայացման մեջ Ղազանչյանը պլաստիկական համր տեսարանները համեմել էր շեքսպիրյան վայրիվերումների հսկայական ներուժով, որը հանդիսատեսի մեջ առավել ուժգին ու սառսռեցնող ալիքների էր վերափոխվում հզոր ու բարձր ռիթմիկ երաժշտության ներքո:

Հետաքրքիր լուծումներ էին տրվել նաև ներկայացման մասնակիցների հագուստներին: Դրանք սկզբում 19-րդ դարին բնորոշ տղամարդկանց ֆրակներ ու կանանց պարահանդեսային երկարափեշ զգեստներ էին: Սակայն ներկայացման զարգացման ընթացքում այդ «դասական» հագ ու կապը փոխարինվեց ժամանակակից ընկալվող տղամարդու տաբաթով և վերնաշապիկով, զանգվածային տեսարաններում հանդես եկող հետնախորշի բնակիչների մերկությունը մի կերպ ծածկող փալաս-փուլուսով, ապա սև, իսկ վերջում՝ զինվորական պաշտպանիչ երանգապնակի թիկնոցներով: Եվ սա վերածվեց շեքսպիրյան պիեսի թեմայի համաժամանակյա լինելը մեկնաբանող ևս մեկ ռեժիսորական գտնված հնար-բանալու:

Սա ներկայացում էր, որտեղ գերակայողը թատերախաղի բոլոր բաղադրիչների միասնությունն էր՝ խոսքի, բեմի վրա միմյանց հետ երկխոսող, ընդհարվող, պարող, թավալվող կերպարների դինամիկ շարժի , երաժշտության, պայթյունների, կրակոցների համադրությունը:

Ավելացնենք, որ . Փափազյանի անվան Շեքսպիրյան 11-րդ միջազգային փառատոնի շրջանակներում իրականացված բեմադրությունը ներկայացվեց ռուսերեն և կյանքի կոչվեց Երևանի պատանի հանդիսատեսի և Թբիլիսիի Ա. Գրիբոեդովի անվան ռուսական թատրոնների համատեղ նախագծով՝ հայ և վրացի դերասանների մասնակցությամբ:
    Դիտվել է 1172 անգամ