Շվեյցարիայում հոսպիտալացվել է Շարլ Ազնավուրը
10.10.2014

Երգիչի հիվանդության մասին տեղեկությունը տարածել է ուրբաթ երեկոյան Ժնևում նախատեսված համերգի կազմակերպիչը:
Թե ինչ հիվանդությամբ է տառապում 90-ամյա երգիչը և ինչպիսի գնահատական են տալիս նրա առողջական վիճակին բժիշկները «Ֆրանս-Պրեսս» գործակալությունը չի հայտնում, տեղեկացնում է ռուսական լրատվամիջոցը:
Վերջին ամիսների ընթացքում Ազնավուրը հյուրախաղերով հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում:
Շարլ Ազնավուրը «Time» հանդեսի և «CNN»-ի հարցումների համաձայն ճանաչվել է 20-րդ դարի լավագույն էստրադային երգիչը: Նա ավելի քան 1000 երգի հեղինակ է, որոնց զգալի մասը կատարել է ինքը, իսկ մի մեծ հատված էլ եղել է Բոբ Դիլանի, Լայզա Մինելիի, Խուլիո Իգլեսիասի և այլ ոչ պակաս հայտնի երգիչների երգացանկերի մաս: Նրա ստեղծագործական կարիերայի ընթացքում ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 100 մլն ձայնասկավառակ:
Որպես դերասան նա նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում:
Շարլ Ազնավուրը հանդիսանում է UNESCO-ում Հայաստանի Հանրապետության պատվավոր դեսպանը: