Կարեն Շահնազարովը և Ալեքսանդր Ժուրբինը նոր մրցանակի առաջին դափնեկիրներն են
01.30.2015

Նախօրեին Մոսկվայում առաջին անգամ կայացել է «ԱմեՌուս» մրցանակաբաշխությունը, որի դափնեկիրներ պետք է դառնան մշակույթի, գիտության, կրթության և այլ ոլորտներում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համագործակցության զարգացմանը նշանակալից ավանդ ներդրած գործիչները: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА Новости»-ին:
Մոսկվայի Ամերիկյան համալսարանի կողմից 2015 թ.-ին հիմնված մրցանակի առաջին դափնեկիրները դարձել են կոմպոզիտոր Ալեքսանդր Ժուրբինը և կինոռեժիսոր Կարեն Շահնազարովը:
«Այսպիսի մրցանակ նախկինում նույնպես գոյություն է ունեցել: Այն կոչվում էր «Լիբերտի»: Սակայն այն շնորհվում էր միայն Ռուսաստանի և ԱՄՆ-ի մշակութային համագործակցության գործում նշանակալից ներդրումներ կատարելու համար: Մենք որոշեցինք ընդարձակել մրցանակաբաշխության շրջանակները և դափնեկիրների մեջ ներառնել նաև գիտնականներին, կրթության բնագավառի գործիչներին, գործարար մարդկանց, բոլոր նրանց, ով ներդրում է կատարում Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցության մեջ»,- ասել է «ԱմեՌուս» մրցանակաբաշխության հիմնադրման նախաձեռնության հեղինակ, Մոսկվայում Ամերիկյան համալսարանի նախագահ Էդուարդ Լոզանսկին:
Նրա ասելով «ԱմեՌուս» մրցանակը տարվա ընթացքում կշնորհվի երկու անգամ:
Նշենք, որ առաջին արարողությունը հունվարի 29-ին արդեն կայացավ Մոսկվայում, իսկ երկրորդը տեղի կունենա մարտի 25-ին Վաշինգթոնում՝ այնտեղ կայանալիք Ռուսաստան-ԱՄՆ ֆորումի շրջանակներում:
Լոզանսկին նաև նշել է, որ «ԱմեՌուս» մրցանակի առաջին երկու թեկնածուներին որոշել է ամերիկացի և ռուս գործիչներից կազմված հեղինակավոր հանձնաժողովը: Նա ընդգծել է, որ կոմպոզիտոր Ալեքսանդր Ժուրբինն աշխատում է և Մոսկվայում, և Նյու-Յորքում, որտեղ բեմադրում է մյուզիքլներ և «... անկասկած ներդրում է կատարում» երկու երկրների միջև կապերն ամրապնդելու ուղղությամբ»:
Իսկ «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի ղեկավար Կարեն Շահնազարովի մասին մրցանակի հիմնադրման հեղինակն ասել է, որ վերջերս Վաշինգթոնում Շահնազարովը հանրությանն է ներկայացրել իր կինոնկարները և կոչ արել ԱՄՆ-ի ստեղծագործող մտավորականությանը ավելի սերտացնել և ընդարձակել մշակութային կապերն ու համագործակցությունը: «Ռսաստանի մշակույթի հայտնի դեմքի այդպիսի դիմումը շատ կարևոր էր այսպիսի բարդ, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների սառեցման իրավիճակում»,- նշել է Լոզանսկին: