Կնկարահանվի ևս մեկ ֆիլմ Սերգեյ Դովլաթովի թեմաներով
10.07.2015

Ռուսական կինոաշխարհում սկսվել է Խորհրդային Միությունից վտարված և կյանքի մնացած հատվածը Նյու-Յորքում ապրած և ստեղծագործած լրագրող և գրող Սերգեյ Դովլաթովի ստեղծագործությունների հիման վրա կամ նրա կյանքի մասին պատմող խաղարկային ֆիլմերի նկարահանման մի իսկական բում:
Բառացիորեն 5 օր արաջ այլախոհ մտավորականի ստեղծագործությունների թեմաներով ռուսական վարձույթի շուկա հանվեց Ստանիսլավ Գովորուխինի «Հիանալի դարաշրջանի ավարտը» ֆիլմը և, ահա, այսօր «interfax»-ը տեղեկատվություն է տարածել Դովլաթովի թեմաներով մի նոր կինաժապավեն նկարահանելու նախապատրաստական աշխատանքների մասին:
«Դա կլինի գեղարվեստական կինոնկար, որը կպատմի Դովլաթովի կյանքի 4-5 օրերի մասին»,- ասել է նախապատրաստվող ֆիլմի ռեժիսոր Ալեքսեյ Գերման-կրտսերը:
Դա կլինի Համառուսաստանյան 1-ին հեռուսրաալիքի, «Մետրոնոմ» ստուդիայի և «Լենֆիլմ» կինոստուդիայի համատեղ աշխատանքի արդյունք: Նկարահանումները կիրականացվեն Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի մարզում, որտեղ մինչև երկրից վտարվելը ապրել և ստեղծագործել է հրեա հոր և հայ մոր տաղանդավոր զավակ Սերգեյ Դովլաթովը:
Ռեժիսորը կարծում է, որ նկարահանումները կսկսեն 2016թ.-ի հունվարի վերջին և կավարտեն գարնան սկզբին մոտ:
Ֆիլմի պրոդյուսերական աշխատանքներում ներգրավված են նաև Սերբիան, Ֆինլանդիան և Լեհաստանը, իսկ նկարահանումների մեջ են ընդգրկված ռուսաստանցի հայտնի դերասաններ Չուլպան Խամատովան, Ելենա Լյադովան և Դանիլա Կոզլովսկին:
Ավելացնենք, որ ֆիլմի հեղինակները համացանցում հայտարարություն են տեղադրել, խնդրելով իրենց օգնել անցյալ դարի 60-70-ական թվականների հագուստներ և կենցաղային տարբեր իրեր ձեռք բերելու հարցով: «Մենք ուրախ կլինենք ցանկացած ռեկվիզիտի համար»,- ասել է ֆիլմի նկարչի օգնական Իրինա Ռոգոզինան: