Կ. Սերեբրեննիկովին դատարանն արգելել է փոխել գտնվելու վայրը, օգտվել համացանցից և այլն
02.05.2018

«Օգոստոսին Կիրիլ Սերեբրեննիկովը հասցրեց Սանկտ-Պետերբուրգում նկարահանել գործնականում անհրաժեշտ ողջ նյութը»,- տեղեկացրել է պրոդյուսերը և նշել, որ չնկարահանված որոշ դրվագներ էլ նկարահանվել են արդեն տնային կալանքում գտնվող ռեժիսորի երկտողերի ուղղորդմամբ:
Կինոնկարը ավարտին հասցնելու գործում անազատության մեջ գտնվող ռեժիսորին բարոյական աջակցություն են ցույց տվել ոլորտին առնչվող մի շարք ֆրանսիական ընկերություններ: Օրինակ, «Charades» ընկերությունը, որը ներկայացնում է եվրոպական խոշոր դիստրիբյուտերներին, ձեռք է բերել կինոնկարի վաճառքի իրավունքը միջազգային ասպարեզում:
Սերեբրեննիկովը վայելում է նաև Ֆրանսիայի մշակույթի նախարարության, նաև այդ երկրի կինեմատոգրաֆիայի ազգային կենտրոնի աջակցությունը և այլն:
Ֆիլմը, որը վերնագրված է «Ամառ», անդրադառնում է երգիչ Վիկտոր Ցոյի կյանքի անհայտ մնացած դրվագներին: Պատումը հյուսվում է 1981թ.-ին, երգչի կյանքում տեղ գտած դեպքերի ու փաստերի շուրջ, երբ նա հանդիպում և ծանոթանում է իրենից 7 տարով ավագ, 26-ամյա Մայք Նաումենկոյին և նրա կնոջը՝ Նատալիային, թողարկում է առաջին ձայնապնակը:
Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ տնային կալանքում գտնվող Կիրիլ Սերեբրեննիկովին դատարանն արգելել է փոխել իր գտնվելու վայրը, օգտվել համացանցից, բջջային հեռախոսակապից, մշտական հեռախոսակապից, հեռագիր ուղարկել կամ ստանալ՝ բացառությամբ արտակարգ դեպքերից:
Թեև դատարանը վճիռ է արձակել, որ Սերեբրեննիկովը քննիչի թույլտվությամբ կարող է այցելել աշխատավայր՝ «Գոգոլ-կենտրոն» թատրոն, սակայն դեռ այդ հնարավորությունը նրան չի ընձեռվել: Ասենք, որ օրերս այդ հայտնի թատրոնը նշեց փոքրիկ հոբելյան՝ իր գործունեությունն սկսելու 5-ամյակը: Կիրիլ Սերեբրեննիկովի հիմնադրած մշակութային հաստատության տոնը թատերախումբը նշել է առանց իր գեղարվեստական ղեկավարի:
Այս թեմայով այլ հղումներ-1