Ա․ Կոնչալովսկի․ «Որքան հարուստ է կյանքը երևակայությամբ․․․»
10.05.2020

Ռուսաստանցի հայտնի ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին Մոսկվայի կինոփառատանում ցուցադրել է իր հեղինակած «Չտրտնջացող մարդը» վավերագրական կինոնկարը։ Գեղարվեստական ֆիլմերի ու թատերական յուրահատուկ ներկայացումների բեմադրություններով հայտնի Կոնչալովսկին այս անգամ անդրադառնում է այնպիսի մարդկանց հոգեբանության բացահայտմանը, որոնք իրենց կյանքում միշտ գտնում են ինչ֊որ մի հենարան, որը նրանց հնարավորություն է տալիս պահպանել լավատեսությունը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։
«Ես չեմ կարող ասել, որ կինոնկար եմ հորինել, մենք որոշել ենք, որ փորձենք նկարել 60 մարդու, պատրաստել հարցեր, իսկ հետո տեսնել, թե ինչ կստացվի․․․»,֊ ասել է Կոնչալովսկին և պատմել, որ իրենց նկարահանումների ժամանակ հանդիպել են ամենատարբեր մարդիկ։ Ռեժիսորը նրանց մեջից ընտրել է չտրտնջացողներին, քանի որ դրված է եղել գտնել այնպիսի մարդկանց, որոնք ունեն որոշակի տեսակետ։ Կոնչալովսկին նշել է, որ, անշուշտ, կարելի է խոսել ազգային յուրահատկության մասին, սակայն ինքն աշխատել է հեռու մնալ վերամբարձությունից։
Մտահղացումը եղել է պարզ՝ գտնել մարդկանց, որոնք որոշակի իրավիճակում, այսօրվա կյանքում գտնում են ինչ֊որ հենարաններ։
«Ես կինոնկարը պատրաստել եմ այն բանի համար, որպեսզի մարդիկ դիտեն և ասեն, որ այնուամենայնիվ, կա հույս»,֊ նշել է Կոնչալովսկին։
Կոնչալովսկու կարծիքով վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի բաժանումը շատ պայմանական է, թեև վավերագրական ֆիլմ պատրաստելու գործընթացը տարբերվում է գեղարվեստական կինոնկարի նկարահանումներից։
«Կարող է լինել կինո, որն ամբողջովին պատրաստված է վավերագրական նյութից, բայց ամեն ինչ մտացածին։ Կստացվի ֆիլմ, որը որևէ կապ չունի իրականության հետ»,֊ ընդգծել է նա և նշել, որ իրեն հետաքրքիր է եղել որսալ «Մարդկային հոգու անմիջական շարժումը։ Նա իր զարմանքն է արտահայտել այն մասին, թե որքան հարուստ է կյանքը երևակայությամբ։
Կոնչալովսկին ինքն իրեն համարում է չտրտնջացող մարդ։
«Չտրտնջացող մարդը» վավերագրական կինոնկարը բաղկացած է մի քանի նովելներից։ Ֆիլմի հերոսները քննարկում են այնպիսի թեմաներ, որոնք արտահայտվում են հեղինակային հարցերով։ Դրանք վերաբերվում են գոյության իմաստին, աշխարհում մարդու տեղին, հայրենասիրությանը, հավատին, մեղքին, երջանկությանը․․․