Կ․ Սերեբրեննիկով․ « Ոչ թե գլխի միջից, այլ խորքից, հենց ընդերքից, ինչպես շունը՝ հոտառությամբ»
05.12.2022

Ռուսաստանցի հայտնի ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը, որը Ուկրաինայում ռուսական «հատուկ գործողության» պատճառով, որպես բողոքի նշան, տեղափոխվել է արտասահման, նկարահանում է «Լիմոնով, բալլադ Էդդիի մասին» անգլերեն լեզվով կենսագրական ֆիլմը։ Այդ մասին «teatral-online.ru» ֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։
Լիմոնովի դերում ռեժիսորը հրավիրել է բրիտանացի հայտնի դերասան Բեն Շոուին։
«Էդդիի դերի համար պահանջվում էր փայլուն դերասան և Բենն ամենահարմարն էր, քան որևէ այլ մեկը։ Բացի այն, որ նա կարդացել էր նրա բոլոր գրքերը և դիտել միլիոնավոր հարցազրույցները, Բենը դեպի Էդդին է գալիս իր կենդանական բնազդի միջով։ Ոչ թե գլխի միջից, այլ խորքից, հենց ընդերքից, ինչպես շունը՝ հոտառությամբ։ Անհավանական է հետևելը, թե ինչպես է նա նկարահանող խցիկի առաջ վերածվում Էդդիի։ Դրան ընդունակ են միայն մեծ դերասանները»,֊ ասել է Սերեբրեննիկովը։
Կինոնկարի հիմքում ընկած է Էմմանուել Քորելի «Լիմոնով» գիրքը, որը ընդգրկում է ուկրաինական Խարկով քաղաքում հասակ առած գրողի կյանքը, մանկությունից մինչև 2004թ․֊ն՝ Ամերիկայում ունեցած նրա արկածները, վերադարձը հետվերակառուցման ժամանակների Ռուսաստան, ազգային֊բոլշևիկյան կուսակցության հիմնումը և կալանավորումը։
Ֆիլմի կեսը նկարահանվել է Ռուսաստանում, բայց հայրենիքից Սերեբրեննիկովի հեռանալուց հետո այն ավարտին կհասցվի Եվրոպայում։ Ֆիլմը վերջնականապես պատրաստ կլինի 2023թ․֊ին և կներկայացվի տարբեր կինոփառատոներում։
Ի դեպ, նախատեսվում է, որ այդ կինոնկարի գովազդային հոլովակը կցուցադրվի մայիսի 17֊ին՝ Կաննի միջազգային կինոփառատոնում, որտեղ Սերեբրեննիկովը կներկայացնի նաև արդեն ավարտված մեկ այլ՝ «Չայկովսկու կինը» կենսագրական դրաման։