Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հարավային Կորեայում կարևորում են սթրիմինգային սերիալների արտադրությունը

12.27.2022


2023թ․֊ին Հարավային Կորեայի կառավարությունը սերիալներ թողարկելու համար ֆինանսավորումը կմեծացնի։ Երկրի ղեկավարությունը ցանկանում է, որ այդ ոլորտում ֆիլմ արտադրողները կրկնեն այն հաջողությունը, որը անցյալ տարում բաժին վիճակվեց «Կալմարի խաղեր» սերիալին, որը «Netflix» սթրիմինգային ծառայության հարթակում հասել է ռեկորդային ցուցանիշի։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Այսօր, դեկտեմբերի 27֊ին, Հարավային Կորեայի մշակույթի նախարարությունը ներկայացրել է ոլորտին օժանդակելու միջնաժամկետ պլանները, որի համաձայն սերիալների շուկայի ծավալը վաճառքի շահույթի գծով 18 մլրդ դոլարից նախատեսվում է հասցնել 27 մլրդի։

2022թ․֊ին բյուջեի հաշվին 9 սերիալի արտադրության համար տրամադրվել էր 7,4 մլն դոլալ, իսկ 2023թ․֊ին կֆինանսավորվի 18 սերիալի նախագիծ, որոնց ընդհանուր բյուջեն կկազմի 30 մլն դոլար։ Բացի այդ կառավարությունը 6 մլն դոլար կդրամադրի սերիալների արտադրության անհրաժեշտ մասնագետների պատրաստման և վերապատրաստման համար։

Հատկանշական է այն, որ Հարավային Կորեայի իշխանությունները խթանման հնարավորություններ են ապահովելու նաև հայրենական պրոդյուսերական ընկերությունների գործունեությունն ակտիվացնելու նպատակով, որոնց գործունեությունը ուղղվելու է լոկալ սթրիմինգային ծառայությունների հետ համագործակցությանը, որը կնպաստի «Netflix»֊ի նման հսկայի դեմ արդյունավետ մրցակցությանը։

Ավելացնենք, որ «Կալմարի խաղեր» սերիալում ներկայացվում է գոյապայքար մղելու մի գաղտնի խաղ, որտեղ մարդիկ, որոնք հայտնվել են կյանքի փակուղում, ռիսկի են դիմում հսկայական գումար ստանալու նպատակով։ Այս նախագիծը «Netflix»֊ի հարթակում հայտնվեց անցյալ տարվա սեպտեմբերին և առաջին 4 շաբաթներին ունեցավ 1,65 մլրդ դիտում, որն հարավկորեական ֆիլմը դարձրեց այս սթրիմինգային ծառայության ամենամասսայական նախագիծը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 421 անգամ