Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տարվա լավագույն եվրոպական ֆիլմը հայտնի կդառնա վաղը՝ նոյեմբերի 9֊ին

11.08.2023


Անցած մեկ տարվա ընթացքում Եվրոպայում թողարկվածներից ո՞րը կնվաճի տարվա լավագույն եվրոպական ֆիլմ կոչումը։ Թեկնածուների ցուցակն արդեն հայտնի է. Եվրոպական կինոակադեմիան իր վճիռը կհրապարակի վաղը՝ դեկտեմբերի 9-ին Բեռլինում՝ կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ru.euronews.com»֊ին։

Հաղթողի հավանական թեկնածուներից մեկը Կաննի «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր ֆրանսիացի ռեժիսոր Ժուստին Տրիեի «Անկման անատոմիա» ֆիլմն է։ Այն պատմում է ամուսնական զույգի կյանքի ամենամութ կողմերի մասին։ Հերոսուհուն մարմնավորում է գերմանացի դերասանուհի Սանդրա Հյուլերը, որն էլ «լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթողի թեկնածուներից է։

2023թ․֊ի իրադարձային կինոնկարներից մեկն էլ Ջոնաթան Գլեյզերի «Հետաքրքրությունների գոտի» ֆիլմն է: Այն երկրային դժոխքի դարպասների մոտ ընթացող սովորական թվացող առօրյա կյանքի մասին է։ Պատումի կենտրոնում Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի պետի ընտանիքն է, որի բարեկեցությունը կառուցված է կողոպուտի և սպանության վրա։ Այս կինոնկարի գլխավոր հերոսուհուն մարմնավորած դերասանուհի Սանդրա Հյուլերը նույնպես հավակնում է լավագույն դերասանուհի անվանակարգի հաղթողի կոչմանը:

Մրցույթին մասնակցող այլ ֆիլմերի թվում է նաև լեհ ռեժիսոր Ագնեշկա Հոլանդի «Կանաչ սահման» ֆիլմը։ Լեհաստանի և Բելառուսի սահմանի մոտ հայտնված փախստականների վիճակին անդրադարձած կինոնկարը մասնակցել է Վենետիկի կինոփառատոնին և արժանացել ժյուրիի հատուկ մրցանակի։

Եվրոպական կինոակադեմիայի հաղթողի հավակնորդներից են նաև ֆինն ռեժիսոր Ակի Կաուրիզմյակիի սեր փնտրող և, ի վերջո, գտնող զույգի մասին պատմող «Ընկած տերևները» բանաստեղծական կատակերգությունը և իրենց երազանքների ետևից գնացող, անապատն ու Միջերկրական ծովը հատած երկու սենեգալցի դեռահասների մասին պատմող իտալացի ռեժիսոր Մատեո Գարոնեի «Ես կապիտան եմ» կինոնկարներն են։

Հիշեցնենք, որ անցյալ տարի, 2022թ․֊ին Եվրոպական կինոակադեմիայի կողմից տարվա լավագույն ֆիլմի կոչմանն արժանացել էր Ռուբեն Օստլունդի «Տխրության եռանկյունին» ֆիլմը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 90 անգամ