Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պատերազմող Ուկրաինան արձանագրում է իր մշակությաին արժեքների թալանի փաստերը

04.04.2024

Ուկրաինայի Խերսոն քաղաքի արվեստի թանգարանը հայտնաբերել է 100 գործ, որոնք ենթադրաբար գողացել են ռուսական զորքերը այդ հաստատության պահոցներից։ Այդ մասին թանգարանը հայտարարել է հիմք ունենալով Ղրիմիում նկարահանված «քարոզչական տեսանյութերը», որոնցում երևացել են նաև արվեստի անհետացած ստեղծագործությունները։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «artnews.com»֊ին։

«Կողոպտիչները սեփական ձեռքերով փաստագրում են իրենց հանցագործությունները, և դա մեզ թույլ է տալիս պարզել գողացված արվեստի գոնե մի մասի գտնվելու վայրը», - նշել է թանգարանը սոցիալական ցանցերում:

Խերսոնի արվեստի թանգարանի ֆեյսբուքյան գրառման համաձայն՝ տեսանյութը պատրաստվել է Ղրիմի Տավրիդա կենտրոնական թանգարանում և ցուցադրվել ռուսական հեռուստատեսությամբ անցյալ սեպտեմբերին։

Հայտնաբերված 100 գործերից 99-ը ենթադրվում է, որ գտնվում է 2014 թվականին Ռուսաստանին բռնակցված Ղրիմում։

Խերսոնի արվեստի թանգարանը նշել է այդ աշխատանքերի հեղինակներին և վերնագրերը և արձանագրել, որ այդ 100 գործերը կազմում են Ուկրաինայի մշակութային հաստատություններից թալանվածի «1 տոկոսից էլ պակաս» մասը։

«Յուրաքանչյուր նկար, յուրաքանչյուր գրաֆիկական աշխատանք, յուրաքանչյուր արվեստի գործ, այն ամենը, ինչ մենք բացահայտում ենք, անվիճելի ապացույցն է այն բանի, որ գողացված աշխատանքները (գոնե դրանք) գտնվում են արվեստի ռուս կողոպտիչների ձեռքում», - գրել է Խերսոնի արվեստի թանգարանը Facebook-ի իր էջում և նշել, որ ռուսական կողմի ժխտական պահվածքը հաշվի առնելով, արձանագրում են այն ամենը, ինչ տեսնում են Ղրիմում և Գենիչեսկում արված լուսանկարներում և տեսանյութերում:

Ռուսական ուժերի կողմից ուկրաինական թանգարանների համակարգված կողոպուտը, ինչպես նաև ուկրաինական մշակութային ժառանգության ոչնչացումը փաստագրվել է ուկրաինական լրատվամիջոցների կողմից 2022 թվականի փետրվարի ներխուժման սկզբից ի վեր: Մշակութային գործիչների վկայությամբ, մինչև իրենց քաղաքից ռուս զինվորականների նահանջը, Խերսոնի տարածաշրջանային արվեստի թանգարանի գրեթե ողջ հավաքածուն հափշտակվել է, բացի այդ, շատ արժեքավոր արտեֆակտներ են անետացել նաև Շովկունենկոյի մարզային արվեստի թանգարանից, որը մասնագիտացած է ուկրաինական և ռուսական կերպարվեստի և դեկորատիվ արվեստների ուղղությամբ։

Նշենք, որ Մարիուպոլում՝ ներխուժման ժամանակ գրավված առաջին ուկրաինական քաղաքներից մեկում, ռուսական զորքերը թալանել են թանկարժեք սկյութական ոսկու շտեմարանը, որը թվագրվում է մ.թ.ա. չորրորդ դարով։

Ուկրաինացի քաղաքական գործիչները այս միջադեպերը որակել են որպես հարձակում իրենց ազգային ինքնության վրա: Նրանք Ռուսաստանին նաև մեղադրում են զինված ընդհարման ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիան խախտելու մեջ։ Այդ կոնվենցիան ստորագրողներին արգելում է մշակութային արժեքների «ցանկացած ձևի գողություն»: Նշենք, որ այդ միջազգային փաստաթղթի տակ դրված են նաև Ռուսաստանի և Ուկրաինայի ստորագրությունները:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 81 անգամ