Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բրանկուզին քանդակում էր սկզբում քարով, ապա՝ բրոնզով

04.11.2024

Փարիզի Պոմպիդու կենտրոնում բացվել է 20-րդ դարի նշանավոր արվեստագետ, աբստրակտ քանդակագործության հիմնադիրներից մեկի՝ Կոնստանտին Բրանկուզիի (1876–1957) «Արվեստը նոր է սկսվում» ցուցահանդեսը։ Այդ մասին « kommersant.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։

Ռումինիայում ծնված Բրանկուզին (Կոնստանտին Բրինկուշան) ֆրանսիայի մայրաքաղաքի մասնագիտական շրջանակներին և արվեստասեր հասարակությանը հայտնի դարձավ 1930-ականներին։ Նրան համեմատում են ուշ շրջանի Մատիսի հետ, երբ վերջինս գեղանկարի փոխարեն անցավ կոլաժի ժանրին։

Բրանկոզին համարվում է 20րդ դարի թանկ քանդակագործներից մեկը։ Նա Փարիզում վարում էր գրեթե ճգնավորի կյանք և ապրում իր իսկ ձեռքերով զարմանահրաշ ձևավորած արվեստանոցում։

Նա սկզբում քանդակում էր քարի վրա՝ այն մանրակրկիտ հղկելով, ապա, դրանից հետո, գործը մարմնավորում էր հայելու պես փայլող բրոնզով, իսկ եթե քարե և բրոնզե բնօրինակները վաճառում էր, ապա արվեստանոցում մնում էր գիպսե կրկնօրինակը։

Բրանկուզիի անվան շուրջ տարբեր լեգենդներ են հյուսվել, որոնց հեղինակը, ըստ ժամանակակիցների, հենց ինքը Բրանկուզին էր։ Այսպես , այդ լեգենդներից մեկը ներկայացնում է արվեստագետի Ռումինիայից Ֆրանսիա մեկնելու պատմությունը։

Ավարտելով Ռումինիայի արվեստների ակադեմիան, Կոնստանտինը ոտքով ճանապարհ է ընկնում դեպի Փարիզ։ Բազմիցս վերապատմելու արդյունքում այս ուղևորությունը վերանվանվում է որպես ուխտագնացություն, որն անցել է Ավստրիայով, Գերմանիայով, Շվեյցարիայով, Վիենայով ու Մյունխենով և որի ընթացքում նա ունեցել է տարբեր հանդիպումներ, բախվել տարերային աղետների ու հիվանդությունների՝ ճիշտ ինչպես միջնադարում․․․

Բրանկուզիի կյանքի կարևորագույն և «անցումային» փուլերից մեկն էլ կապված է այն ժամանակաշրջանի հետ, երբ նա շփվել է հանճարեղ Օգյուստ Ռոդենի հետ։

Փարիզյան կյանքի այդ փուլը եղել է կարճ, սակայն նշանակալից է նրա կյանքի ու որպես արվեստագետի կայացման համար։ Բրանկուզին աշխատել է Օգյուստ Ռոդենի արվեստանոցում; Ֆրանսիացի նշանավոր արվեստագետին նա համարում էր հոգով իրենց ամենամոտ քանդակագործը։ Սակայն, շուտով, Բրանկուզին հեռանում է Ռոդենի մոտից, քանի որ կարծում էր, որ,֊ «Այսքան մեծ ծառի ստվերում ոչինչ չի աճի»։

Պոմպիդու կենտրոնում բացված ցուցահանդեսի կենտրոնում ճարտարապետ Պասկալ Ռոդրիգեսը վերկանագնել է Բրանկուզի անսովոր ու յուրահատուկ արվեստանոցի միջավայրը։ Փարիզյան այն շենքը, որտեղ քանդակագործը ապրել և ստեղծագործել է, այժմ չկա։ Սա այն թանգարանն ու արխիվն է, որը Բրանկուզին ստեղծել էր իր կենդանության օրոք։ Նա պահել է իրեն ուղղված հազարավոր նամակներ, լուսանկարներ, որոնց հեղինակն ինքն է, և նույնիսկ ձայնագրություններ, որոնք պահպանում են նրա երաժշտական կատարումները միշտ ընտրյալ իր հյուրերի համար։ Որպեսզի գոյատևի իր իսկ ձեռքերով ստեղծած այս բոհեմական թանգարան֊միջավայրը, արվեստագետն այն իր գործերի հետ կտակել է պետությանը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 150 անգամ