Բանտախցում իր մահապատժին սպասող մատնիչը
04.04.2018

Ռուսաստանցի հասարակ ժողովուրդը Կարամորա է անվանում արտաքնապես սարդի նման մոծակին: Այդ անունով հեղափոխական ընդհատակի ընկերները կանչում են ներկայացման հերոս Պյոտր Կարազինին, որը հին կուսակցական է, ապստամբության կազմակերպիչ:
Սակայն նրա շրջապատում որևէ մեկի մտքով չի անցնում, որ Կարամորան դավաճան է:
Գորկին այս հերոսի համար նախատիպ է ընտրել Ազեֆ անունով հայտնի բանսարկու-մատնիչին, որը գլխավորելիս է եղել սոցիալիստ հեղափոխական կուսակցության ահաբեկչական մարտական կազմակերպություններից մեկը, և, միաժամանակ, իր այդ կազմակերպության գործունեության մասին զեկուցումներ ներկայացրել ցարական ժանդարմերիային:
Բացահայտված և նեղ բանտախցում իր մահապատժին սպասող մատնիչը փնտրում է այն հարցի պատասխանը, թե ինչն է իրեն ստիպել լինել հեղափոխության հերոս և, միաժամանակ, ոստիկանական գործակալ:
Բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկին մի առիթով ասել է. «Մարդը ոչ այն բանի հանրագումարն է, ինչին հավատում է, ինչով բավարարվում է և ոչ էլ սեփական համոզմունքների հանրագումարը: Մարդն իր արարքների հանրագումարն է»:
Ներկայացումը հանդիսատեսի մեջ հենց այդ հարցը բարձրացնելու խնդիրն է տեսնում: «Ով եմ ես: Այդ հարցը այսօր ավելի մեծ սրությամբ է դրված մեզնից յուրաքանչյուրի առջև»,- պրեմիերայից առաջ ասել է ներկայացման ռեժիսոր Ալեքսանդր Խուխլինը: