Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իոսիֆ Բրոդսկի. «Ի՞ նչ է մնում մարդուց: Անշուշտ, մշակութային մի շերտ»

03.22.2016

Նյու-Յորքի «Baryshnikov Arts Center»-ում ավարտվեց «Brodsky/Baryshnikov» ներկայացման ցուցադրությունը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «runyweb.com»-ին:

Դա մի ներկայացում է, որի միջոցով մեր ժամանակաների բալետի լեգենդար պարող Միխայիլ Բարիշնիկովը իր հարգանքի ու սիրո տուրքն է տալիս ընկերոջը՝ մեծ բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկուն:

Ներկայացման ռեժիսորն է Ալվիս Հերմանիսը, ձևավորումը կատարել էր Քրիստինա Յուրպանեն, լույսերը՝ Գլեբ Ֆիլշտինսկին: Ներկայացման միակ դերասանը Միխայիլ Բարիշնիկովն է, ով կարդում է Իոսիֆ Բրոդսկու ստեղծագործությունները:

Ոչ դինամիկ բեմադրության շեշտադրումները հանդիսատեսը պետք է փնտրի բանաստեղծի և պարողի հանդիպման մեջ:

Միխայիլ Բարիշնիկովի այս ելույթը կոտրում է ժանրային բոլոր շրջանակները և հասկանալի է դառնում, որ մինչև հիմա դեռ ոչ մեկը չի քայլել այդ ուղով:

Բեմի վրա արթ-նուվե ոճի ապակե մի տաղավար է: Նրա առջև նստարան կա: Մեկ այլ նստարանի վրա էլ Բրոդսկու կենդանի ձայնագրություններով ժապավենային կլոր մեծ կոճերով հին մագնիտոֆոն է դրված, որից ներկայացման ընթացքում մի քանի անգամ լսվում է իր ստեծագործությունը կարդացող բանաստեղծի խոսքը: Ապակե տաղավարի պատից կախված է էլեկտրական լամպ, որի ապահովիչից ժամանակ առ ժամանակ կայծեր են թափվում: Սա ներկայացման առաջին պլանն է, իրական տարածություն: Դերասանը անցնում է տաղավարի միջով, նստում է նստարանին, ճամպրուկից հանում է մի շիշ վիսկի, զարթուցիչ, կյանքից 20 տարի առաջ հեռացած Բրոդսկու բանաստեղծությունների տարբեր հատորները, դրանք հերթով բացում է և սկսում կարդալ:

Իմ ձայնը շտապող ու ոչ պարզ,
Քեզ կանհանգստացնի դառնությամբ անտեղի...

Այս տողերով Բարիշնիկովը դիմում է Բրոդսկուն: Ներկայացման ինչ-որ պահի նա սկսում է կարդալ նմանակելով Բրոդսկուն՝ ասես կանչելով ընկերոջ հոգուն: Մագնիտոֆոնը միանում է և լսվում է բանաստեղծության շարունակությունը կարդացող Բրոդսկու ձայնը: Բանաստեղծը պատասխանում է իր ընկերոջը:

«Ներկայացում» բառը այս բեմադրությունը ճիշտ բնութագրող բառը չի: Բայց այս թատերականացված գործը չունի նմանը, ահա թե ինչու այն չունի անուն:

Սակայն ինքնատիպությունն ու գրավչությունը բանաստեղծական խոսքի ու պարողի շարժումների համադրությամբ վերածվում են նոր որակի ու իմաստի: Օրինակ, կարելի է նշել Բարիշնիկովի ցուցադրած պարային մնջախաղի դրվագները, հատկապես ներկայացման մեջ կարմիր թելի պես անցնող մահվան թեման պատկերելու ժամանակ: Այն գալիս է տարբեր կերպարանքներով: Սև ձի՝ մահվան առաքյալ, որը ասես ուսումնասիրում է իր հաջորդ զոհին: Կրունկով հարված գետնին, որը նման է ձիու սմբակի կտրուկ արձագանքի, ձեռքի շարժում և առաջանում է տպավորություն, որ Բարիշնիկովը ֆլամենկո է պարում: Կամ մեկ այլ տեսարան, երբ ներկայացվում է թիթեռի մահը: Այստեղ Բարիշնիկովը առաջին պլան է բերում ձեռքերի շարժումները, որոնք ասես պատեպատ են զարկվում ապակե տաղավարի մեջ՝ ցուցադրելով, միաժամանակ, նաև իր կյանքը երկարացնելու ճիգեր գործադրող մարդու անօգնականությունը:

Ի՞ նչ է մնում մարդուց: Անշուշտ, մշակութային մի շերտ: «Ամբողջ մարդուց ձեզ մնում է խոսքի մի դրվագ: Ընդհանրապես խոսքի մի դրվագ: Խոսքի դրվագ»:

Իսկ մեծ արտիստի ելույթից՝ հիշողություն:
    Դիտվել է 928 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ